Իրանի Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարաֆի՝ Ադրբեջանում կրթության հարցերին վերաբերող հայտարարությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարության հայտարարության մեջ։ «Այս միանգամայն անտեղի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել մեր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը։ Նման միջամտության փորձերը վճռականորեն կասեցվում են։ Իրանի պաշտոնյաներին խորհուրդ կտայինք կենտրոնանալ սեփական երկրի խնդիրների վրա՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, թե «Իրանի վարած քաղաքականության հետևանքով երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներենով։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում նույնպես այդ լեզվով ուսուցում չկա։ Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տարածաշրջանում խորը պատմական արմատներ ունեն։ Տասնամյակներ շարունակ նրանք զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից»։ Բաքուն այս կերպ արձագանքել է իրանցի նախարարի կողմից Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք ունեցող ադրբեջանցի աղջիկներին ուղղված հրավերին՝ շարունակելու իրենց կրթությունը իրանական համալսարաններում։ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։ Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Հիջաբ կրող աշակերտների ու ուսուցիչների մուտքը դպրոցներ շարունակվում է արգելված մնալ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել էր պաշտոնից Ադրբեջանի քաղաքականության նմանատիպ քննադատությունից հետո։ Նա սոցիալական ցանցերում դեմ էր արտահայտվել Բաքվի որոշմանը՝ հայտարարելով, որ անթույլատրելի է խոչընդոտել կրոնական հագուստով դպրոցական աղջիկների կրթություն ստանալուն։ Միաժամանակ, հաղորդվում է, որ ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ կոչ անելով ապահովել երկրում բնակվող ադրբեջանցիների՝ ադրբեջաներենով կրթություն ստանալու հնարավորությունը։ Նամակը ստորագրել են Ադրբեջանի 55 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նամակում ընդգծվում է գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Իրանում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիների մայրենի լեզուն պահպանելու և զարգացնելու համար։ Նամակի հեղինակների կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դպրոցներում ներդնել ադրբեջաներենի համակարգված ուսուցում, բացել ադրբեջաներենով ուսուցում իրականացնող կրթական հաստատություններ, պատրաստել համապատասխան մանկավարժներ, ինչպես նաև մշակել անհրաժեշտ ուսումնական նյութեր և ծրագրեր։Կոչ է արվում ձևավորել իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան Իրանի Սահմանադրությանը համապատասխան իրացնել մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ Նամակում նշվում է նաև Փեզեշքիանի՝ ադրբեջաներեն լեզվի նկատմամբ ցուցաբերած նվիրվածությունը, ինչպես նաև նրա այցերը Ստեփանակերտ և Շուշի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին