Տեղեկատւական պատերազմի պայմաններում սթափութիւնը եւ քննադատական մտածողութիւնը հանրային դիմակայունութեան կարեւորագոյն երաշխիքներն են։ Պատերազմի սպասումը երբեմն ինքնին դառնում է հոգեբանական ճնշման միջոց՝ հասարակութեանը պահելով անորոշութեան, վախի եւ մշտական տագնապի մէջ։ Այս պայմաններում մեդիան միայն տեղեկատւութեան աղբիւր չէ. այն կարող է դառնալ թէ՛ հանրային սթափութեան, թէ՛ շահարկումների գործիք։ Երբ խմբագրական օրակարգը ենթարկւում է քաղաքական կամ տնտեսական շահերին, լուրն այլեւս միայն իրականութիւնը չի ներկայացնում, այլեւ փորձում է ուղղորդել հանրային վարքագիծը։ Ժողովրդի պաշտպանութիւնը սկսւում է փաստերի ստուգումից, աղբիւրների համադրումից եւ չճշտւած լուրերի տարածումից հրաժարւելուց։ Հանրային դիմակայունութիւնը պահանջում է ոչ թէ վախի գերիշխանութիւն, այլ գիտակից զգօնութիւն։