Մշակոյթը ապրում է նաեւ սերնդէսերունդ փոխանցւող ծէսերում, աւանդոյթներում ու արւեստներում։ Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնից մինչեւ լաւաշի թխման աւանդոյթներն ու գրի արւեստը՝ Իրանի եւ Հայաստանի մշակութային ժառանգութեան այս դրսեւորումները վկայում են երկու ժողովուրդների վաղեմի կապերի մասին։ 2020 թւականին Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը Հայաստանի եւ Իրանի համատեղ յայտով ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում։ Լաւաշի պատրաստման հետ կապւած աւանդոյթները նոյն ցանկում ընդգրկւել են երկու առանձին յայտերով՝ 2014 թւականին՝ Հայաստանի, իսկ 2016 թւականին՝ Իրանի մասնակցութեամբ բազմազգ յայտով։ Հայկական տառարւեստն ու դրա մշակութային դրսեւորումները ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկւել են 2019 թւականին, իսկ Իրանում աւանդական գեղագրութեան պահպանման ազգային ծրագիրը 2021 թւականին ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան լաւագոյն փորձի գրանցամատեանում։