Անցնող տասնամեակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը լիարժէք կերպով իւրացրել է մի քանի կարեւոր իմաստնութիւն, որոնք նրան թոյլ են տալիս առաջ մղել Ադրբեջան պետութեան շահերը։ Այդ իմաստնութիւններից մէկը յենւում է աշխարհագրական հետեւեալ պարզ գիտելիքի ու դրա գործիքայնացման վրայ. Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Կովկասում այն մշտապէս դարձնում է գերկարեւոր Եւրասիայում շահեր ունեցող բոլոր ուժերի համար, հետեւաբար Ադրբեջանը միշտ ունենալու է աւելի մեծ հնարաւորութիւններ, քան նոյն տարածքը, բնակչութիւնը, ռեսուրսները ունեցող ցանկացած այլ երկիր։ Սա էլ իր հերթին բերում է արտաքին ու ներքին քաղաքական հարցերում աւելի մեծ ճկունութեան ու մանեւրելու աւելի շատ տարածք։ Ուստի Ի. Ալիեւը եւ Ադրբեջանի քաղաքական վերնախաւը գիտեն, որ որքան էլ Թուրքիայի համար գլխաշորի կամ նմանատիպ այլ ցանկացած թեման լինի զգայուն, միեւնոյն է՝ պաշտօնական Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում եւ դրանից անդին իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխաւոր յենարանն ու գործիքն են։ Դա շատ աւելի բարձր շահ է, քան գերէմոցիոնալ, բայց միեւնոյն ժամանակ այս փուլում սահմանափակ նշանակութիւն ունեցող կրօնական գործօնը։ Չպէտք է նաեւ մոռանալ, որ Ի. Ալիեւի համար ամենօրեայ ռեժիմում կայ առաջնային մէկ խնդիր՝ ապահովել սեփական ընտանիքապետութեան իշխանութեան ամրութիւնը։ Մնացեալ խնդիրներն ածանցեալ են սրանից։ Այս պատճառով էլ վերջին օրերին Ալիեւն ու իր թիմը փորձեցին արհեստականօրէն սրել թուրք-ադրբեջանական «լարւածութիւնը»՝ լաւ իմանալով թոյլատրելիի սահմանները եւ հնարաւորինս «քամելով» դրանից անհրաժեշտ դիւիդենտները։ Կարելի էր ականատես լինել արեւելեան դիւանագիտութեանն իր ողջ պերճանքով։ Թուրքիայի քաղաքական վերնախաւը եւս բաւական իմաստուն է՝ հասկանալով Ադրբեջանի կարեւորութիւնն իր սեփական ռազմավարական նպատակների տեսանկիւնից։ Աւելին, այս գիտակցութիւնն արդէն աւելի քան մէկ դար է՝ ինստիտուցիոնալ ճանապարհով փոխանցւում է օսմաններից հանրապետական կառավարիչներին։ Թուրքական քաղաքական մտածողութեան մէջ Ադրբեջանը հերթական պետութիւնը չէ. այն թուրքական նախագիծ է, որը պէտք է սնել, պահել ու պահպանել։ Այս տրամաբանութիւնից ելնելով նախագահ Էրդողանը աշխատանքից ազատեց իր գլխաւոր խորհրդականներից Օքթայ Սարալին, ով մի քանի օր առաջ քննադատել էր Ադրբեջանում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի մասին որոշումը եւ որը դարձել էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ որոշակի լարւածութեան սկզբառիթներից մէկը։ Սա չի նշանակում, որ Ի. Ալիեւը ամենազօր գործիչ է։ Առաւել եւս՝ չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է իր կամքը թելադրել Թուրքիային։ Ի. Ալիեւը քաջ գիտակցում է, որ որքան ինքն է անհրաժեշտ Թուրքիային, այդչափ եւ աւելին՝ Թուրքիան է անհրաժեշտ Ադրբեջանի պետական կենսունակութիւնն ապահովելու համար։ Ուստի Ի. Ալիեւի տարած «յաղթանակը» լոկալ բնոյթ է կրում՝ երկրի ներսում իր իշխանութեան ամրութիւնն ապահովելու համար։ Իսկ Թուրքիայի համար սա փոքրիկ, նոյնիսկ աննշան մարտավարական քայլ է, որը թոյլ է տալիս փոքր զիջումով պահել այն, ինչն աւելի կարեւոր է։ Չկայ ռազմավարական մակարդակում երկու երկրների տարբերութիւն։ Դրա համար Ալիեւը մի քանի օրից կը լինի Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքական պետութիւնների կազմակերպութեան գագաթնաժողովին ու կանի այն, ինչ առաջ է մղում Թուրքիան։ Աւելորդ չէ յիշեցնել, որ միամտութիւն կը լինի նաեւ կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ Պ.գ.թ., թուրքագէտ