Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը երկրի «ներքին գործերին միջամտելու փորձ» է որակել Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրման մասին: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր երկրի ներքին գործերին, ներառյալ դրա կրթական քաղաքականությունը ,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանի պաշտոնատար անձանց զբաղվել սեփական երկրի խնդիրներով : Մասնավորապես, նախարարությունում նշել են, որ Իրանի վարած քաղաքականության հետեւանքով այդ երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներեն լեզվով: Ադրբեջաներենով ուսուցում չի իրականացվում նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչները տեղաբնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ ի վեր զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից , - նշվում է հայտարարության մեջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը եւ հայտարարել է ազատ կրթական միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին: Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի ուսումնական հաստատությունները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ հագուստի ձեւը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն :