ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ ՏԻՄ ընտրություններին. նախնական տվյալներով՝ մեծ մասում հաղթանակ է տարել ՔՊ-ն կամ ՔՊ-ի հետ դաշինք կազմած ուժերը։«Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում»,- ասել է Փաշինյանը։Նա եզրակացրել է՝ Հայաստանը պետք է ունենա նոր ու պետականակենտրոն ընդդիմություն։Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համանքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանց նախորդել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալությունները։Այսպես՝ հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Հոկտեմբերի 23-ին Ստեփանավան համայնքում ևս 10 անձ ձերբակալվեց «Ուժեղ Հայաստանից» ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոուպցիոն կոմիտեից։Հոկտեմբերի 24-ին Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։Հավելենք՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում ստացվել է 54 ահազանգ, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Դրանցից 10-ը դարձել է հաղորդում։«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 20-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։ Hախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ ընտրատեղամասերի մատչելիություն, կուտակումներ և հնարավոր վերահսկողություն, քվեարկության գաղտնիություն, ընտանեկան քվեարկություն ու այլն։