Ամերիկահայ կոմպոզիտոր Արի Բալուզյանն առաջադրվել է 2026 թվականի «Critics Choice Documentary Awards» վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ «Դու կարող ես ամեն ինչ տեսնել» վավերագրական ֆիլմի երաժշտության համար։ Նաթան Ֆիլդերի և Լենս Օպենհայմի նկարահանած ֆիլմը պատմում է սկանդալային Theranos ստարտափի հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի մասին։ Բանտ ուղարկվելուց 34 օր առաջ նա հրավիրել էր նկարահանող խմբի՝ իր կյանքը վավերագրելու համար։ Ֆիլմն արժանացել է հինգ անվանակարգում առաջադրման՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտություն»։ Երաժշտության անվանակարգում Բալուզյանի մրցակիցների թվում են Հանս Ցիմերը, Նիկոլո Պաչելլան և Ջորջ Հադսոն Ուորենը, որոնք առաջադրվել են « The Lion » վավերագրական ֆիլմի երաժշտության համար։ Մրցանակակիրների անունները կհայտարարվեն 2026 թվականի նոյեմբերի 8-ին՝ Նյու Յորքում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։ Արի Բալուզյանը Լոս Անջելեսում բնակվող կոմպոզիտոր, պրոդյուսեր և բազմագործիք երաժիշտ է։ Նա հայտնի է որպես «Gabriels» սոուլ խմբի համահիմնադիր, ինչպես նաև մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալների երաժշտության հեղինակ։ Նրա աշխատանքներից են «Primetime», «Atropia», «The Giant» , «They Call Us Monsters» և այլ նախագծեր։ The post Ամերիկահայ կոմպոզիտոր Արի Բալուզյանը՝ հեղինակավոր մրցանակի հավակնորդ appeared first on Alphanews .