«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։ «Ժամը 20։00-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։ Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։ Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ -Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 125 դեպք։ 101 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 96-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 29-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։ -Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն՝ 31 դեպք։ 17 ընտրատեղամասի հարակից տարածքներում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, 4-ում՝ կուտակումներ քվեարկության սենյակի ներսում, ևս 4-ում՝ ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։ Հաղորդումներ են ստացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի հարակից տարածքներում կասկածելի կուտակումների և բնակավայրերում ոստիկանության ծառայողների խմբերի կուտակումների վերաբերյալ։ -Քվեարկության գաղտնիություն՝ 10 դեպք։ 4 ընտրատեղամասում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ, 3-ում՝ գաղտնիության միտումնավոր խախտման կամ հնարավոր վերահսկողության, ևս 3-ում՝ ընտրողների կողմից իրենց ընտրությունը բացահայտելու վերաբերյալ հաղորդումներ։ -Ընտանեկան քվեարկություն՝ 6 դեպք։ Վեց ընտրատեղամասում արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։ -Քարոզչություն՝ 7 դեպք։ Արձանագրվել են քարոզչական նյութերի առկայության, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչության կամ հակաքարոզչության վերաբերյալ դեպքեր։ -Ընտրական ցուցակների փակցման խնդիրներ՝ 11 դեպք։ 9 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների, իսկ 2-ում՝ ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։ -Դիտորդների իրավունքների խոչընդոտումներ։ Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովներն արգելել են առաքելության դիտորդներին ամբողջությամբ լուսանկարահանել հանձնաժողովի գրանցամատյանի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերած անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։ Հիշեցնենք, որ նմանատիպ սահմանափակումների առնչությամբ «Ականատես» դիտորդական առաքելությունը նախկինում նախաձեռնել է դատական գործընթաց։ Առաքելությունը կարևորում է ընտրական փաստաթղթերի դիտարկման և փաստագրման հնարավորության ապահովումը՝ որպես դիտորդական վերահսկողության արդյունավետության և ընտրական գործընթացի թափանցիկության երաշխիք։ Այլ խնդիրներ. Արձանագրվել են հանձնաժողովներին հյուրասիրության 4, դիտարկման պայմանների և իրավունքների խոչընդոտման 3, կողմնակի անձանց ներկայության 2, ինչպես նաև ճնշման կամ սպառնալիքի և քվեարկության պարագաների դուրսբերման վերաբերյալ մեկական դեպք։ Առաքելությունը փաստագրել է նաև առանձին միջադեպեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։ Ստեփանավանի 25/4 ընտրատեղամասում ընտրողին օգնող անձը քվեախցիկում բարձրաձայն ուղղորդել է նրան՝ նշելով ընտրական ցուցակի համարը։ Հանձնաժողովի միջամտությունից հետո ընտրողն ու նրան ուղեկցող անձը լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Կտրոնը հետագայում վերադարձվել է, իսկ ընտրողի քվեածրարը՝ մարվել։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։ Գառնիի 29/3 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել, քանի որ տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառով։ Քաղաքացուն լրացուցիչ տեղեկանք տրամադրելու հարցը ևս չի լուծվել, ինչի հետևանքով նա չի կարողացել մասնակցել քվեարկությանը։ Հրազդանի 26/31 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում գտնվող չկնքված դուռը և կողային լուսամուտը քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից մտահոգություններ են առաջացրել։ Դիտորդի միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը լրացուցիչ փակել է դուռը, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով։ Բենիամինի 32/18 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամի փոխարինման ընթացքում չի իրականացվել քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների պատշաճ հանձնում-ընդունում, իսկ գործառույթների փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։ Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության, ընտրողների ազատ կամարտահայտման, հնարավոր վերահսկողության, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների խոչընդոտման վերաբերյալ դեպքերը։ «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։ Առաքելությունը կհետևի նաև քվեարկության արդյունքների ամփոփման և աղյուսակավորման գործընթացներին։ Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
Factor.am / 29 minutes ago

ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթեց Իջևանի 38/22 ընտրատեղամասում
Factor.am / 32 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 35 minutes ago

Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
Factor.am / 1 hour ago
Related coverage

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում
168 Jham / 16 minutes ago

Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը
Shant News / 16 minutes ago

Ամփոփ․ ՏԻՄ ընտրություններով ի՞նչ արդյունք է գրանցվել, ովքե՞ր են առաջատարները․ թարմացվող
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
168 Jham / 22 minutes ago