Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Lamborghini Urus , BYD , Toyota Land Cruiser և Hongqi մակնիշի ավտոմեքենաները. գրում է Shamshyan.com -ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։ Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Lamborghini Urus -ը բախվել էր ծառին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից անչափահասը տեղափոխվել է Երևանի Ուիգմոր բժշկական կենտրոն։