Հոկտեմբերի 25-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը մի շարք ընտրատեղամասերում արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման, ընտրողների իրավունքների իրացման, ընտրողների ազատ կամարտահայտման և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ականատես»-ը։ «Կոտայքի մարզ, Հրազդան, 26/31 ընտրատեղամաս։ Ժամը 16։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկի անմիջապես հետևում առկա է դուռ, որը, թեև կողպված է եղել բանալիով, ժապավենով փակված չի եղել։ Քվեախցիկի կողային հատվածում գտնվել է նաև մեծ լուսամուտ, որից հնարավոր է տեսանելի լինի քվեախցիկի ներսը։ Դիտորդի հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դուռը կողպված է, իսկ լուսամուտից քվեախցիկը հնարավոր չէ դիտարկել, քանի որ հարակից բակը փակ է, և կողմնակի անձինք այնտեղ մուտք գործել չեն կարող։ Դիտորդն առաջարկել է դուռը լրացուցիչ փակել ժապավենով, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահը մերժել է առաջարկը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Արմավիրի մարզ, Արմավիր, 16/6 ընտրատեղամաս։ Ժամը 08։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ երկու քվեախցիկների անմիջապես հետևում գտնվել է դուռ, որը որևէ կերպ կնքված չի եղել։ Դռան վրա առկա է եղել բանալի, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ դուռը կողպված է, թե ոչ։ Քվեախցիկների նման դասավորությունը մտահոգություններ է առաջացնում քվեարկության գաղտնիության պատշաճ ապահովման տեսանկյունից։ Կոտայքի մարզ, Հրազդան, 26/27 ընտրատեղամաս։ Ժամը 11։45-ի սահմաններում ընտրողը, հանձնաժողովի համապատասխան անդամից քվեաթերթիկներն ու քվեարկության ծրարը ստանալուց հետո, նախքան քվեախցիկ մտնելը, բոլորի համար տեսանելի կերպով իր նախընտրած քվեաթերթիկը տեղադրել է ծրարի մեջ։ Հանձնաժողովի նախագահի դիտարկմանն ի պատասխան ընտրողը հայտարարել է. «Ես թաքցնելու բան չունեմ»։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Լոռու մարզ, Ստեփանավան, 25/4 ընտրատեղամաս։ Ժամը 12։42-ի սահմաններում ընտրողը թոռան ուղեկցությամբ ներկայացել է քվեարկության սենյակ և հանձնաժողովին խնդրել թույլատրել վերջինիս օգնել իրեն քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը բավարարել է խնդրանքը։ Սակայն քվեախցիկում գտնվելու ընթացքում ընտրողին օգնող անձը բարձրաձայն ուղղորդել է նրան՝ ասելով. «Կընտրես 17 համարին»։ Դա լսելով՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը հրավիրել է հանձնաժողովի նախագահին։ Վերջինս առաջարկել է սպասել՝ հետագա գործողությունները ճշտելու համար։ Այդ ընթացքում ընտրողն ու նրան ուղեկցող անձը, դժգոհելով և վիճաբանելով, լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Հետագայում կտրոնը վերադարձվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից։ Դեպքն արձանագրվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Տեղամաս ժամանած թիվ 25 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի այցի պահին ընտրողն արդեն հեռացած է եղել, իսկ նրա քվեածրարը մարվել է։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։ Կոտայքի մարզ, Գառնի, 29/3 ընտրատեղամաս։ Ժամը 11։50-ի սահմաններում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել իրականացնել իր ընտրական իրավունքը, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ։ Սարքավորումը ճանաչել է ընտրողի անձնագիրը և ցուցադրել նրա լուսանկարը, սակայն էկրանին հայտնվել է «անվավեր անձնագիր» գրությունը։ Սարքավորումը սպասարկող մասնագետը փորձել է նաև ձեռքով մուտքագրել անձնագրային տվյալները, սակայն կտրոն կրկին չի տպվել։ Հանձնաժողովի նախագահը դեպքի մասին տեղեկացրել է թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովին։ Վերջինիս նախագահի փոխանցմամբ՝ ընտրողի անձնագրի վավերականության ժամկետը լրացել էր ավելի քան վեց ամիս առաջ, և ենթադրվել է, որ քաղաքացին սխալմամբ է ընդգրկվել ընտրողների ցուցակում։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացուն ուղղորդել է համապատասխան տեղեկանք ստանալու՝ լրացուցիչ ցուցակով քվեարկելու նպատակով։ Սակայն, ըստ դիտորդի հաղորդման, բնակավայրի անձնագրային բաժինը մերժել է տեղեկանքի տրամադրումը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ընտրողը վերադարձել է տեղամաս, որտեղ կրկին փորձ է արվել նրան գրանցել տեխնիկական սարքավորման միջոցով, սակայն ապարդյուն։ Արդյունքում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Շիրակի մարզ, Բենիամին, 32/18 ընտրատեղամաս։ Ժամը 15։10–15։15-ի սահմաններում քվեատուփի և ինքնասոսնձվող դրոշմանիշների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին, վերջինիս բացակայելու անհրաժեշտությամբ պայմանավորված, փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամ։ Սակայն գործառույթի փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Չի իրականացվել նաև ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների հանձնում-ընդունում։ Ավելին, նշված փոփոխության ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։ Դիտորդի գնահատականը հետագայում գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։Առաքելությունը շարունակում է միջադեպերի փաստագրումը, դրանց հանգամանքների ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ The post «Ականատես» դիտորդական առաքելությունը խախտումներ է արձանագրել մի շարք ընտրատեղամասերում appeared first on Infocom .