ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Գորիս անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում, ինչի հետ մեկտեղ քաղաքական քարոզչություն է իրականացվում։ Այս մասին ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։Ըստ ահազանգի՝ Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում: Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի («Բիզնես» և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ) ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։ Ի դեպ, Առուշանյանը ՔՊ–ի համայնքապետի թեկնածուն է Գորիսում։«Ականատեսը» նշում է, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը։ Սա դիտարկվում է որպես բարեգործության արգելքի խախտում։«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է արել անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները և տալ համապատասխան իրավական գնահատական։Դիտորդական առաքելությունը ներկայացրել է նաև ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը. 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում, այդ թվում՝ ընտրատեղամասերի մատչելիության խոչընդոտներ, քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր, ընտանեկան քվեարկություն, կուտակումներ և հնարավոր վերահսկում, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն, քարոզչական նյութերի առկություն, ընտրական ցուցանակների փակցման ընթացակարգային խնդիրներ։