75-ամյա Սամվել Սահակյանը Առատաշեն գյուղի ընտրող է։ Կնոջ հետ եկել էր ավագանու ընտրություններին մասնակցելու, սակայն իրենց անունները չէին գտել ցուցակում։ Ստիպված գնացել են անձնագրային բաժին, որ վերականգնեն ընտրելու իրենց իրավունքը։ Վարչապետի ընտրություններին մեր անունները կային։ Հիմա չկար, չգիտեմ` ով ա դուրս թողել։ Մոտեցա գյուղսովետի նախագահին, ասաց` պիտի գնաս պասպորտսեղան։ Մենք էլ գնացել, տեղեկանք ենք բերել։ Մեծ մարդ եմ, ինչի՞ չմասնակցեմ ընտրությանը,- ասում է Սամվել Սահակյանը։ Երբ ամուսինները մոտեցան մատնահետքը ճանաչող սարքին, այն չճանաչեց Ս. Սահակյանի մատնահետքը։ Էս մատներս չի՞ աշխատում, ուրեմն պիտի կտրվի։ Արա, կարող ա մեռել եմ, վրես խաբար չկա։ Ոչ մի տեղ չեմ երևում,- կատակեց Սամվել Սահակյանը։ Նա և կինը ընտրում էին Առատաշենի թիվ 15/1 ընտրատեղամասում, որը տեղակայված է գյուղի մշակույթի տան շենքում։ Նույն շենքում է գտնվում նաև Առատաշեն գյուղի վարչական ղեկավարի նստավայրը։ Վարչական ղեկավար Նորիկ Տերտերյանը շենքի դիմաց կանգնած ուղղորդում էր մարդկանց, ակտիվ շփվում ընտրողների հետ։ Նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձն է։ Թեև հանձնաժողովի մատյանում Տերտերյանը գրանցված է որպես վստահված անձ, սակայն գործունեություն էր ծավալում շենքից դուրս։ Թիվ 15/1 հանձնաժողովի նախագահ Հարություն Մակարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է վստահված անձը շենքից դուրս աշխատում։ Հանձնաժողովի անդամներին տարել ա հաց ուտելու։ Հաց չուտե՞ն,- ասաց Հ. Մակարյանը։ Ժամը 13:30-ի դրությամբ՝ թիվ 15/1 ընտրատեղամասում 3 քաղաքացի քվեարկել է լրացուցիչ ցուցակով, քանի որ անունները չեն եղել ցուցակում։ 2 ընտրող էլ իրենց անունները չեն գտել, չեն մասնակցել քվեարկությանը։ Գուցե նրանք էլ մասնակցեն լրացուցիչ ցուցակով կամ այդպես էլ անձնագրային բաժին չգնան և չվերականգնեն իրենց իրավունքը։ Գյուղում կա երկու ընտրատեղամաս։ Թիվ 15/2 ընտրատեղամասը տեղակայված է դիմացի մայթին՝ դպրոցի շենքում։ Այստեղ էլ 3 ընտրող իրենց անունները չեն գտել ցուցակում։ Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Թեմուրյանը նշեց, որ ընտրողներն առանց ընտրելու դուրս են եկել, սակայն չեն վերադարձել համապատասխան տեղեկանքով, որպեսզի լրացուցիչ ցուցակով կարողանան քվեարկել։ Արաքս համայնքի Խորոնք և Արտիմետ գյուղերում ևս ընտրողներն իրենց անունները չէին գտնում։ Նշենք, որ Արաքս համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում են երկու քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և Արդարություն կուսակցությունների դաշինքը, որը կազմված է Համերաշխություն և Առաջ աջակենտրոն կուսակցություններից։