Իջևան քաղաքի մշակույթի տանը տեղակայված 38/24 ընտրատեղամասում, ժամը 13:00-ի դրությամբ, գրանցված 1147 ընտրողից քվեարկել է 210-ը։ Այս տեղամասում ընտրությունները հիմնականում անցնում են սահմանված կարգով։ Ընտրողների մի մասը, սակայն, չի տիրապետում ընտրության կարգին։ Նրանցից մեկն, օրինակ, ծրարը գցել էր չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված տուփում։ Ընտրողներից մեկն էլ փորձում էր քվեարկել առանց քվեախցիկ մտնելու, բայց հանձնաժողովի նախագահը ժամանակին վրա հասավ ու թույլ չտվեց։ Հանձնաժողովի անդամներն էլ պարբերաբար դժգոհում էին քվեասենյակի ցրտից։ Նրանք առաջարկում էին փակել դուռը, որ ջերմաստիճանը մի փոքր բարձրանա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, որ չեն կարող նման բան անել։ 19 բնակավայր ներառող Իջևան համայնքում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 քաղաքական ուժ։ 29 730 ընտրողների վստահության քվեն ստանալու համար են պայքարում Քաղաքացիական պայմանագիր և Ինքնիշխան Հայաստան կուսակցությունները։ ՔՊ-ի 50 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Իսկ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի Ինքնիշխան Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Վարդապետյանը։