Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը ևս անհաջող էր Հայաստանի հավաքականի համար: Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ մտան Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն են կրել: Աշոտ Խաչատրյանի որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթել է մոլդովացի Միհայ Պետիչին, իսկ 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել է ուկրաինացի Պավրիզ Նասիբովին: Հայկ Խլոյանը որակավորման փուլում 10:0 հաշվով ուժեղ է գտնվել մարոկկացի Համզա Բումադիենից, իսկ երկրորդ գոտեմարտում 0:8 հաշվով պարտվել է Փարիզ-2024 Օլիմպիակա խաղերի չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին: Ռազմիկ Քուրդյանը մեկնարկային գոտեմարտում 0:1 հաշվով պարտվել է էստոնացի Հեիկի Նաբիին: Հոկտեմբերի 24-ին պայքարի մեջ մտած ու պարտություն կրած Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում 2:2 հաշվով պարտվել է չինացի Լիգու Չաոյին ու դուրս մնացել պայքարից: Նախօրեին պարտություն էին կրել նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ): Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ): Դավիթ Եղիազարյան