Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել: Հ․Գ․ ՏԸՀ նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը,- նշվում է հաղորդագրությունում։ Նշենք, որ ավելի վաղ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստեփանավան համայնքի ընտրական տեղամասերից ահազանգեր են ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն։ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության,- գրել էր նա։ Գլխավոր լուսանկարը՝ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից