ԵՐԵՎԱՆ, 25հոկտեմբերի – Sputnik․ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը. Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան (114 միավոր)։Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։ Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։