Փարիզում ոստիկանությունը Վենսենի դարպասների մոտ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է ջրաշիթեր և արցունքաբեր գազ, հայտնել է BFMTV-ն։ Ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ ավելի քան 500 մարդ, որոնց իշխանություններն անվանել են անկարգությունների մասնակիցներ, հարձակվել են իրավապահների վրա։ Ոստիկանները փորձում են ձերբակալել կարգախախտներին և ցրել ամբոխը։ Ակցիայի խաղաղ մասնակիցները հայտնվել են բախումների էպիկենտրոնում, ինչը հանգեցրել է հրմշտոցի և մարդկանց քաոսային տեղաշարժի։ Բողոքողների մի խումբ նաև հարձակվել է Վենսենի բակում գտնվող ավտոսրահի ցուցափեղկերի վրա, սակայն ներս մտնել նրանց չի հաջողվել։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ օբյեկտը վերցրել է հսկողության տակ։ CGT արհմիության տվյալներով՝ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ, այդ թվում 250 հազար՝ Փարիզում։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ՆԳՆ-ի հաշվարկներով, մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 410 հազար մարդ։ Փարիզի պրեֆեկտուրան մայրաքաղաքում բողոքողների թիվը գնահատել է 110 հազար։ Մասնակիցների մեջ շատ են եղել ավագ դասարանների աշակերտներ, ուսանողներ և արհմիությունների ներկայացուցիչներ։ Թուլուզում ցույցի ավարտից հետո մեկ մարդ ստացել է ձեռքի ծանր վնասվածք։ Վերին Գարոնի դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել է, որ տեղի ունեցածի հանգամանքներն առայժմ անհայտ են և կպարզվեն քննության ընթացքում։ Նանտում խանութի թալանից և վնասումից հետո ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու։ Թուլոնում, որտեղ Solidaires արհմիության ակցիային մասնակցել է մոտ 850 մարդ, երթը ցրվել է, առանձին խմբեր շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ իրավիճակը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից։ Ոստիկանության կարգադրությամբ փակվել են մի քանի առևտրային օբյեկտներ, այդ թվում՝ Mayol առևտրի կենտրոնը, Galeries Lafayette-ը և փակ շուկան։