ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը և ավագանու 3 թեկնածուները ևս ազատ են արձակվել։Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ վաղ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժել են նրանց տներ և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։Հավելենք, որ 2021 թվականի ընտրություններում Դավիթ Հարությունյանը հաղթել էր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից կազմված դաշինքով։ Քանի որ Եղեգնաձորում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով), համայնքապետի պաշտոնում վերընտրվելու համար անհրաժեշտ էր առաջադրվել որևէ կուսակցության կողմից, ուստի այս անգամ Հարությունյանը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը։Ի դեպ, վերջերս «Հետքը» հոդված էր հրապարակել նաև նրա գլխավոր մրցակից, ՔՊ–ի ցուցակը գլխավորող Հուսիկ Սահակյանի մասին, որը 2017-ին ՀՀԿ–ի ցուցակն էր գլխավորում Արենիում, իսկ 2022-ին՝ կրկին ՔՊ–ի։ ԶԼՄ-ն գրել էր, Արենիի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը նախընտրական քարոզչության համար օգտագործում է Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Հուսիկ Սահակյանն անվանափոխել է ավելի քան 7000 հետևորդ ունեցող էջը, որը տարիներ շարունակ ծառայել է համայնքի պաշտոնական տեղեկատվությունը տարածելուն, իսկ այժմ նույն լսարանն օգտագործվում է Սահակյանի նախընտրական նյութերը տարածելու նպատակով։Հիշեցնենք` որ այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք թեկնածուների և կուսակցությունների անդամների էր բերման ենթարկել երեք համայնքից՝ Մարտունի, Եղեգնաձոր և Արթիկ։ Ըստ կոմիտեի՝ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվել են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։Արթիկում բերման էին ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Աստոյանն ու ավագանու 2 թեկնածուներ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։