«Օսթին» փոթորկից ընդամենը երկու օր անց Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում հազարավոր տներ են հոսանքազրկվել «Բյոլո» փոթորկի պատճառով, հայտնում է PA Media-ն։ Առաջիկա օրերին սպասվում են ուժգին քամիներ, հորդառատ անձրևներ և տրանսպորտի աշխատանքի խափանումներ։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ քամուց պոկված բեկորներն ու հզոր ալիքները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար։ Այս սեզոնի արդեն երկրորդ՝ «Բյոլո» փոթորիկն ամենաուժգին քամիները կբերի երկրի հյուսիսային շրջաններ, որտեղ պոռթկումների արագությունը կարող է գերազանցել ժամում 80 մղոնը (շուրջ 129 կմ/ժ)։ Շոտլանդիայում և Անգլիայի հյուսիսում շաբաթ երեկոյից մինչև կիրակի երեկո ուժեղ քամու պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Նույնպիսի նախազգուշացում է գործում նաև Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում, իսկ Մեծ Բրիտանիայի մյուս շրջաններում քամու և տեղատարափ անձրևների պատճառով սահմանվել է վտանգի «դեղին» մակարդակ։ Իշխանությունները զգուշացրել են նաև ջրհեղեղների վտանգի մասին։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն Անգլիայում հնարավոր հեղեղումների վերաբերյալ 11 նախազգուշացում է տարածել։ Շոտլանդիայի բարձրադիր շրջաններում մեկ օրվա ընթացքում կարող է թափվել ավելի քան 100 մմ տեղում։ Օդերևութաբանական ծառայության մասնագետ Ալեքս Բերքալի խոսքով՝ հորդառատ անձրևները կընդգրկեն երկրի զգալի մասը, իսկ երեկոյան քամին ավելի կուժգնանա։ Նա նաև նշել է, որ անձրևի և ջրային ցայտքերի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը կվատթարանա։ Փոթորիկն արդեն իսկ խափանել է Անգլիայի հարավ-արևմուտքի էլեկտրամատակարարումը։ National Grid ընկերության տվյալներով՝ ուրբաթ երեկոյան մասնագետները վերականգնել էին ավելի քան 60 հազար տան հոսանքը, սակայն շաբաթ առավոտյան հազարավոր բաժանորդներ կրկին մնացել են առանց էլեկտրականության։ Ընկերությունը հայտնել է էլեկտրահաղորդման գծերի բազմաթիվ վնասվածքների մասին, որոնց պատճառ են դարձել նաև տապալված ծառերն ու կոտրված հենասյուները։ Լուրջ խափանումներ են սպասվում նաև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։ TransPennine Express երկաթուղային օպերատորը հորդորել է շաբաթ և կիրակի օրերին առանց խիստ անհրաժեշտության չօգտվել գնացքներից, իսկ Avanti West Coast-ը ուղևորներին խստորեն խորհուրդ է տվել կիրակի օրը չմեկնել Պրեստոնից հյուսիս ընկած ուղղություններով։ Չեղարկվել կամ խափանվել են նաև Իռլանդական ծովով իրականացվող լաստանավային չվերթները։ Անբարենպաստ եղանակի պատճառով Լոնդոնում չեղարկվել է հրապարակում նախատեսված Դիվալիի ամենամյա տոնակատարությունը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը նախազգուշացրել էր, որ այս ձմռանը երկրին կարող են սպասվել ավելի մասշտաբային ջրհեղեղներ։ Հիշեցնենք, որ Անգլիայի հարավ-արևմուտքում «Օսթին» փոթորիկն արդեն հանգեցրել էր հոսանքազրկումների, ավիաչվերթների չեղարկման, ինչպես նաև Բրայթոնի պատմական Արևմտյան կառամատույցի մի հատվածի փլուզման։