Վստահ՞ եք, որ մարտարվեստի տարրերով տպավորիչ հնարքներ ցուցադրող ռոբոտները երբեք նախագծված չեն եղել բռնի նպատակների համար։ Այսօր մենք ավելի քան երբևէ հեռու ենք միանշանակ պատասխանից, գրում է Futurism-ը։ Չինական Unitree ընկերությունը թողարկել է իր նոր՝ «թիկնապահ» ռոբոտի թիզերը։ Ինչպես հանրաճանաչ G1 մոդելի դեպքում, այս անգամ ևս H2-X «Kung Fu Legend: Guardian» մարդանման ռոբոտը ցուցադրել է ֆիզիկական հնարքների լայն զինանոց, սակայն այս անգամ ակնարկվում է, որ այսպիսի բռնի հնարավորությունները միայն շոուի համար չեն։ Գովազդային հոլովակում ռոբոտը կատարում է ջեքիչանյան հնարքներ՝ սալտոներ է անում մեքենաների վրայով, գլուխկոնծի տալիս բարձրությունից ցատկելիս և կատարում ակրոբատիկ հարվածների շարք։ Որոշ դրվագներում այն նույնիսկ բարձրացնում է մեքենան՝ մարդուն ճզմվելուց փրկելու համար, բռնցքահարում մյուսի դուռը և փախուստի մատնում դանակով զինված անձին (բեմադրված տեսարանում): Ռոբոտը կառուցված է Unitree-ի գործող H2 մոդելի հիման վրա, որն ունի մոտ 180 սմ (71 դյույմ) հասակ և շուրջ 70 կգ (155 ֆունտ) քաշ: Դեռևս հստակ չէ, թե ինչպես է ընկերությունը պատկերացնում ռոբոտի կիրառությունը՝ բացի «ռոբոտ-թիկնապահ» պիտակավորումից: Unitree-ն ընդգծել է, որ նոր մոդելը կարող է աշխատել շուրջ ութ ժամ՝ կանգնած վիճակում: Սակայն արդյո՞ք գնորդները պետք է սպասեն, որ իրենց մետաղյա պահապանները կկիրառեն կունգ-ֆուի հնարքներ վտանգ զգալիս, և արդյո՞ք ռոբոտը կկողմնորոշվի, թե երբ միջամտել առանց հատուկ հրահանգի։ Հստակ չէ նաև՝ տեսանյութում ռոբոտն ինքնուրո՞ւն է գործում, հեռակառավարվո՞ւմ է, թե՞ իրականացնում է նախապես ծրագրավորված շարժումներ: Ամեն դեպքում, հեշտ է կանխատեսել, թե ինչպես կարող են այս հերոսությունները վերջանալ իրական աշխարհում։ Բավական է հիշել տեսանյութի ամենատպավորիչ դրվագներից մեկը, որտեղ ռոբոտը նետվում է՝ երեխային դանդաղ շարժվող մեքենայից փրկելու համար: Այն դիտվում է որպես էպիկական մարտաֆիլմերի դրվագ, սակայն 70 կիլոգրամանոց մետաղե կույտը երեխայի մանեկենին շպրտում է ասֆալտին, ինչն իրական կյանքում, տեխնիկական գեղեցիկ ցուցադրությունից դուրս, կարող է լուրջ վնասվածքների կամ գլխուղեղի վնասման պատճառ դառնալ: Արդեն իսկ կան տեսանյութեր, որոնցում երեխաները տուժել են G1 ռոբոտի հարվածներից։ Առայժմ Unitree-ն չի հայտարարել, թե որքան կարող է արժենալ ռոբոտը կամ երբ այն դուրս կգա վաճառքի։