Զայրացած ամբոխը փորձել է գրոհով ներխուժել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի շենք, որտեղ պատգամավորները քննարկում էին հանրային հեռուստառադիոընկերության պարտադիր վճարների չեղարկման հարցը։ Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել ցուցարարներին և վերականգնել կարգուկանոնը. ձերբակալվածներ չկան։ Այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Եվա Կրոպաչովան, փոխանցում է Novinky-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ի երեկոյան՝ պարտադիր վճարների չեղարկման դեմ կազմակերպված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ։ Խորհրդարանի շենքի մոտակա Մալոստրանսկայա հրապարակում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել։ Ցուցարարների մի մասը մոտեցել է շենքի մուտքերին ու պատուհաններին՝ վանկարկելով «Հերի՛ք է» կարգախոսը, ինչպես նաև դիմել մշակույթի նախարար Օտո Կլեմպիրժին. «Օ՛տո, դո՛ւրս արի» և «Մենք քեզ մեր հարկերից ենք վճարում»։ Հենց Կլեմպիրժն էր հեղինակել վճարների չեղարկման օրինագիծը, որին աջակցում է իշխող կոալիցիան։ Չեխական հեռուստատեսության փոխանցմամբ՝ մի քանի ցուցարարներ բախվել են նաև խորհրդարանի շենքից դուրս եկած «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» (SPD) կուսակցության պատգամավոր Յարոսլավ Ֆոլդինայի հետ։ Միջադեպին ստիպված են եղել միջամտել ոստիկանները՝ կանխելով հետագա բախումը։ Ուրբաթ երեկոյան խորհրդարանն անցել է Չեխական հեռուստատեսության և Չեխական ռադիոյի ֆինանսավորման համակարգի փոփոխության նախագծի քննարկմանը։ Իշխող կոալիցիան ակնկալում էր օրինագիծն ընդունել շաբաթ առավոտյան։ Ընդդիմությունն ու ցուցարարները մտավախություն ունեն, որ վճարների չեղարկումը կարող է սահմանափակել հանրային լրատվամիջոցների անկախությունը։ Նրանք նաև քննադատում են օրինագծի քննարկման ընթացակարգը. ուրբաթ օրը SPD խմբակցության ղեկավար Ռադիմ Ֆիալան անսպասելիորեն առաջարկել էր քննարկումը տեղափոխել ավելի վաղ ժամի։