ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում՝ Աբու Դաբիում կամ Շվեյցարիայում։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է Sky News-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցային գործընթացի վերջնական նպատակը երեք երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում կազմակերպելն է, սակայն մինչ այդ դեռ հսկայական աշխատանք կա անելու։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ եռակողմ բանակցությունները պետք է անցկացվեն Աբու Դաբիում։ Նա նաև ընդգծել էր, որ Ուկրաինան պնդում է անվտանգության մի շարք երաշխիքների տրամադրման վրա, որոնք ներառում են հզոր բանակի առկայություն, զինված ուժերի առնվազն 10 տարվա ֆինանսավորում և երկրի վերականգնման աջակցություն։