Հայաստանի մի շարք համայնքներում ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Կան ձերբակալված անձինք։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– նշել են Կոմիտեից։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու ավագանու թեկնածուներ, Մարտունիում՝ «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներ, իսկ Եղեգնաձորում՝ համայնքապետը, նրա տեղակալը և ավագանու անդամներ։ Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ 19-ում համամասնական, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։