ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Արթիկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին և այլ թիմակիցներին բերման ենթարկելը հերթական ապօրինի բռնաճնշումն է իշխանությունների կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի շարք անդամների և ավագանու թեկնածուներ։ «Հրապարակի» տեղեկություններով՝ վկայի կարգավիճակով կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետ թեկնածու Արթուր Աստոյանը։Կուսակցության համահիմնադիրը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը վճռական է երկրում օրինական իշխանություն հաստատելու պայքարում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։Նշենք, որ հոկտեմբերի 21–ին խուզարկություններ էին անցկացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում։ Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։