ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել է զորավար Անդրանիկի նկարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Ըստ լրատվամիջոցի` գյուղացիները մի քանի օր հերթապահություն են իրականացրել դպրոցի մոտ, որպեսզի թույլ չտան հեռացնել նկարը, սակայն հոկտեմբերի 23-ին խճանկարն ապամոնտաժվել է հատուկ տեխնիկայի միջոցով։Գյուղացիներն առաջարկել են՝ եթե դպրոցի պատից հեռացրել են, գոնե այլ տեղում տեղադրեն, օրինակ՝ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։Թե ինչ ճակատագրի կարժանանա խճանկարը, առայժմ հայտնի չէ։Նշենք, որ ավելի վաղ հանրային մեծ վրդովմունք էր առաջացրել Երևանի տարբեր հատվածներում շենքերի պատերից, գետնանցումներից Արցախյան պատերազմների հերոսների նկարների հեռացումը։ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել էր նաև 44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։Հիշեցնենք, որ երբ դեռ միայն գետնանցումների պատերից էին նկարները հեռացվում, Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար։ Քաղաքապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նկարները ջնջում են գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակում, մինչդեռ զոհված զինծառայողների հարազատները վստահ են, որ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու, նրանց շահերը սպասարկելու հերթական քայլն է։