UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը․ գրում է armsport.am -ը: Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը ժամկետից շուտ վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։ Հատկանշական է, որ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Սակայն այս անգամ անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքեցին և թույլ չտվեցին, որ հակամարտությունը նոր թափ առնի։ Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, իսկ երեկոյի գլխավոր իրադարձության մասնակիցները սեղմեցին միմյանց ձեռքը։ Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ Արմանը արժանացավ կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն, որը նա կրել էր Քոլբի Քովինգթոնից ,- նշում է լրատվամիջոցը։