Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել Իսրայելի իշխանություններին խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը՝ Հորդանան գետի արևմտյան ափը շրջափակելու ծրագրերի ֆոնին։ «Անշուշտ, ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության պայմաններում Իսրայելի անվտանգությունն առանցքային նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ, արդեն մի քանի ամիս է՝ խոր մտահոգությամբ հետևում ենք Հորդանան գետի արևմտյան ափին իրավիճակի սրմանը»,- Ստամբուլում հայտարարել է Վադեֆուլը։ Նա մասնակցել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը փոխանցում է DPA գործակալությունը։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսրայելը պարտավոր է միջազգային իրավունքին համապատասխան պահպանել և պաշտպանել պաղեստինցիների իրավունքները։ «Այս պարտավորությունները պետք է անշեղորեն կատարվեն»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է Հորդանան գետի արևմտյան ափին լայնածավալ ռազմական գործողության։ Նրա խոսքով՝ դա կլինի 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր ամենախոշոր գործողությունը։ Այդ պատերազմի արդյունքում Իսրայելը վերահսկողություն էր հաստատել արևմտյան ափի նկատմամբ, որն ավելի վաղ գտնվում էր Հորդանանի տիրապետության տակ։ Նեթանյահուն չէր բացառել պաղեստինյան տարածքի շրջափակումը՝ արևմտյան ափում տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Հարձակման հետևանքով, Իսրայելի խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ, երկու զինծառայող էր զոհվել։ Խոսքը պաղեստինյան տարածքի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը փակելու մասին է։ Հայտարարությանը նախորդել էր առավոտյան Հեբրոնի մերձակայքում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, տեղի ունեցած զինված հարձակումը։ Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ պաղեստինցի զինված խմբավորումների հարձակման հետևանքով Հուդեայի խաչմերուկի շրջանում երկու իսրայելցի զինծառայող զոհվել էր, ևս երեքը՝ վիրավորվել։ Վադեֆուլը դատապարտել է «այս սարսափելի հարձակումը»։ «Ահաբեկիչները չպետք է կարողանան իրենց գործողություններով ավելի մեծ ատելություն բորբոքել և ընդհանուր առմամբ հանգեցնել իրավիճակի հետագա սրման»,- եզրափակել է Գերմանիայի արտգործնախարարը։