ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի. նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հոկտեմբերի 19-ին, հայտնել էինք, որ սոցցանցում տարածվեց մի տեսանյութ, որում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը. խմբ.)՝ պահանջելով, որ իրեն նորմալ պահի։ Մեկ այլ կին միջամտում է և դժգոհում տղամարդու պահվածքից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում, փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում։ Հոկտեմբերի 20–ին տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։Քննչական կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Նրանցից մեկի նկատմամբ (տղամարդուն նկարահանող կինը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը (խուլիգանությունը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Մյուս անձի նկատմամբ (ենթադրաբար իր կնոջը վիրավորող տղամարդը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։Նախաքննությունը շարունակվում է։