Պաղեստինցի զինյալները հոկտեմբերի 23-ին հարձակման հետևանքով վիրավորել են 5 իսրայելցու, ինչից հետո սպանվել են զինվորների հետ փոխհրաձգության ընթացքում։ Դեպքից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը՝ Իսրայելի ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Երեքշաբթի կայանալիք ընտրություններում նոր ժամկետի համար պայքարող Բենիամին Նեթանյահուն, որի դիրքերը մրցապայքարում ամուր չեն, հայտարարել է, որ իսրայելական զորքերը կանխել են հնարավոր խոշոր հարձակումը։ Նրա խոսքով՝ երկու հարձակվողները, ենթադրաբար, իրենց ավտոմեքենայում մեծ քանակությամբ զինամթերք են ունեցել։ Իսրայելի զինված ուժերի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան տեղի ունեցած հրաձգությունից հետո զինվորներն անմիջապես մեկնել են Հուդեայի խաչմերուկի շրջան և «չեզոքացրել երկու ահաբեկչի»։ Իսրայելի շտապ բժշկական օգնության ծառայություն «Մագեն Դավիդ Ադոմը» հայտնել է, որ հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել, որոնցից 2-ը ծանր վիճակում են։ Ծառայության տվյալներով՝ բոլոր հինգ վիրավորներն իսրայելցիներ են՝ 20-ն անց տարիքի։ Նրանցից մեկը հրազենային վնասվածքներով գտնվում է «ծայրահեղ ծանր վիճակում»։ Բացի այդ, ըստ իսրայելական բանակի՝ հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել։ Ընտրությունների օրվան մնացած ժամանակի կրճատմանը զուգահեռ՝ հարձակման պատճառով Նեթանյահուն հրահանգել է չեղարկել «Լիքքուդ» կուսակցության բոլոր քաղաքական հանդիպումները։ «Ես ողջունում եմ մեր զինվորների քաջությունը, որոնք վճռականորեն գործեցին և կանխեցին այն, ինչը կարող էր խոշոր հարձակում դառնալ։ Ես հրահանգել եմ Իսրայելի բանակին և անվտանգության ուժերին՝ անհապաղ շրջափակել Հեբրոն քաղաքը և այսօրվանից նախապատրաստվել Հուդեայի և Սամարիայի ամբողջ տարածքի լիակատար շրջափակմանը»,-հայտարարել է Նեթանյահուն՝ օգտագործելով Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափի աստվածաշնչյան անվանումը։ Նա հավելել է, որ զինվորականներն «ուժեղացված գործողություններ են իրականացնում՝ ահաբեկչական գործողությունները կանխելու համար, ինչպես նաև լայնածավալ ձերբակալություններ են կատարում»։ Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ «Հեբրոնի շրջանում սկսել են հակաահաբեկչական հարձակողական գործողություններ»։ Նշվում է, որ զինվորականները խուզարկություններ են իրականացնում կասկածյալների և այլ անձանց տներում։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Իտամար Բեն Գվիրը հարձակման կապակցությամբ կոչ է արել լուծարել Ռամալլահում տեղակայված Պաղեստինյան ինքնավարությունը։ «Պաղեստինյան ինքնավարությունը պետք է լուծարվի և ապառազմականացվի, իսկ նրա ահաբեկչական ենթակառուցվածքը՝ ամբողջությամբ ոչնչացվի»,- ասվում է Բեն Գվիրի հայտարարության մեջ։ Որևէ ապացույց չկա, որ Պաղեստինյան ինքնավարությունը, որը Պաղեստինի կառավարող մարմինն է Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, առնչություն է ունեցել ուրբաթ օրվա հարձակման հետ։ Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ շարժումը, որն իրականացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը՝ Իսրայելի պատմության մեջ ամենամահաբերներից մեկը, ողջունել է Հեբրոնի մերձակայքում տեղի ունեցածը՝ այն անվանելով «բացառիկ հերոսական գործողություն», և ցավակցություն է հայտնել զոհված երկու հարձակվողների կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, շարժումը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ «Հարձակումը մեր ժողովրդի դեմ շարունակվող հանցագործություններին և դաժան հարձակումներին բնական և օրինական պատասխան է»,- ասվում է Պաղեստինյան ինքնավարության իշխող «Ֆաթհ» խմբակցության մրցակից ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։ Նեթանյահուն իր հայտարարության մեջ խոստացել է «հետապնդել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին ամենուր»՝ հավելելով․ «Դուք թաքնվելու տեղ չունեք»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի