ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Մերի Քրեյի և ՄԹ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Թերեզ Քոֆիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական էջից։ «Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան այցելած Միացյալ Թագավորության խորհրդարանականներին։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հյուրընկալելով COP17 համաժողովը, Հայաստանը նպատակ ունի ակտիվորեն մասնակցելու և նպաստելու գլոբալ բնապահպանական օրակարգերի առաջմղմանը և իրականացմանը։ Բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է։ Սարգիս Խանդանյանը երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից կարևորել է մի քանի ամիս առաջ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Միացյալ Թագավորության խորհրդարանականները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) ստացած իրենց տպավորությունները։ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերը մտքեր են փոխանակել բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, խորհրդարանական և մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղոդրագրությունում։ The post Սարգիս Խանդանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանականների հետ appeared first on Infocom .