Դեռևս 2020 թվականին Հայաստանի և Ամերիկայի միջև ստորագրված որոշ հուշագրեր, այդ թվում՝ միկրոչիպերի, կիսահաղորդիչների, մտավոր սեփականության և արհեստական բանականության վերաբերող դրույթները, հիմք են ստեղծել երկու երկրների միջև գործարքների ծավալն ու տեմպերն ավելացնելու համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «TONO LAW GROUP» ընկերության ղեկավար, Հայ իրավաբանների միության անդամ Կարեն Տոնոյանը։ Նրա խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները վերաբերում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներին և արտահանմանը, սակայն իրավական դաշտն ու միջազգային կարգավորումները բոլորի համար չէ, որ պարզ ու մատչելի են։ Կարեն Տոնոյանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի զբաղեցրած դիրքին և առկա խնդիրներին։ «Ներկա կարգավիճակը առաջատար տեխնոլոգիաների փոխանցումը դարձնում է ավելի բարդ, թանկ և անկանխատեսելի, ինչի հետևանքով հայկական ընկերություններն, այդ թվում՝ ստարտափները, ստիպված են լինում լրացուցիչ թույլտվություններ և լիցենզիաներ ստանալ ԱՄՆ կառավարությունից»,- ընդգծել է նա։ Կարեն Տոնոյանը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է և՛ տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնում, և՛ վստահության ամրապնդում։ Ըստ նրա՝ իշխանությունները և մասնավոր հատվածը պետք է համահունչ քայլեր ձեռնարկեն՝ ներքին ընթացակարգերը միջազգային ռեժիմներին համապատասխանեցնելու համար։ Որպես դրական օրինակ՝ իրավաբանը մատնանշել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, որը համապատասխան կարգավորումների փոփոխության միջոցով հաջողությամբ լուծել է նմանատիպ խնդիրները։ ⁠ ⁠#SpecialReport⁠ ⁠#FieldReport⁠ ⁠#InvestigativeJournalism⁠ ⁠#DocumentaryShort⁠ ⁠#NewsReport⁠