Կանադային անհրաժեշտ է Թուրքիայի փորձը՝ սեփական պաշտպանական կարողություններն ամրապնդելու և օտարերկրյա ռազմական համակարգերից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից մեկ օր անց, գրում է Turkiye today-ը ։ Հարցին՝ արդյո՞ք Կանադան հետաքրքրված է թուրքական ռազմական կարողություններ կամ ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում, թե՞ խոսքը հիմնականում արդյունաբերական համագործակցության մասին է, Քարնին պատասխանել է․ «Հնարավորինս՝ երկուսով էլ։ Կարծում եմ՝ ավելի շատ հակված եմ գործընկերության տարբերակին, երբ մենք առաջարկում ենք միմյանց լրացնող տեխնոլոգիաներ և համատեղ զարգացնում դրանք»։ Քարնին որպես օրինակ նշել է Թուրքիայի և Ուկրաինայի միջև պաշտպանական համագործակցությունը։ «Թուրքիայի և Ուկրաինայի միջև իսկապես արդյունավետ գործընկերություն կա, և Թուրքիան Ուկրաինայի ամենամեծ աջակիցներից մեկն է»,- ասել է նա։ Կանադայի վարչապետն անդրադարձել է նաև Ուկրաինայում Starlink արբանյակային կապի ծառայության խափանումներին՝ նախազգուշացնելով, որ մեկ մատակարարից կախվածությունը կարող է վտանգել երկրի անվտանգությունը։ Լրագրողների հետ զրույցում Քարնին կրկին ընդգծել է, որ Կանադան հետաքրքրված է ինչպես թուրքական ռազմական տեխնոլոգիաներով, այնպես էլ համատեղ արդյունաբերական գործընկերությամբ՝ առաջնահերթություն տալով պաշտպանական կարողությունների համատեղ զարգացմանը։ Կանադան հակված է Թուրքիայի հետ պաշտպանական գործընկերության հաստատման Քարնին հայտարարել է, որ նախընտրում է պաշտպանական կարողությունները համատեղ զարգացնել, այլ ոչ թե պարզապես ռազմական տեխնիկա գնել։ «Ես ավելի շատ հակված եմ գործընկերության տարբերակին, որի շրջանակում մենք տրամադրում ենք միմյանց լրացնող տեխնոլոգիաներ և համատեղ զարգացնում մեր կարողությունները»,- ասել է Կանադայի վարչապետը։ Հարցին՝ արդյո՞ք կանադական ընկերությունները կարող են օգուտ քաղել Թուրքիայի՝ կայացած պաշտպանական արդյունաբերության հետ ավելի սերտ կապերից, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և ինքնավար համակարգերի ոլորտում թուրքական փորձից, Քարնին պատասխանել է․ «Անկեղծ ասած՝ ներկայում մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ կանադացիներին պաշտպանելու և ՆԱՏՕ-ի լիարժեք դաշնակցի մեր պարտավորությունները կատարելու համար մեզ ավելի շատ է անհրաժեշտ թուրքական փորձը՝ մեր պաշտպանական կարողություններն ամրապնդելու գործում»։ Քարնին Թուրքիան բնութագրել է որպես «եզակի երկիր», որն ունի «խորը պատմություն», միաժամանակ, «գտնվում է տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում»։ «Թուրքիան Կանադայի պաշտոնական գործընկերն է ՆԱՏՕ-ում և աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևորագույն երկրներից մեկը՝ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- նշել է նա։ Կանադան և Թուրքիան իրենց հարաբերությունները բարձրացնում են «ռազմավարական գործընկերության» մակարդակի Հինգշաբթի Մարկ Քարնին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։ Սա Կանադայի վարչապետի՝ Թուրքիա կատարած առաջին այցն էր։ Այս քայլը նշանավորում է հարաբերությունների զգալի բարելավում այն բանից հետո, երբ դրանք երկար ժամանակ սառն էին՝ մարդու իրավունքների վերաբերյալ Կանադայի մտահոգությունների և Թուրքիային զենքի մատակարարումների նախկին էմբարգոյի պատճառով։ Քարնին ձգտում է գտնել նոր առևտրային գործընկերներ՝ ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լայնածավալ մաքսատուրքեր է սահմանել։ Գործընկերությունը ներառում է առևտուրն ու ներդրումները, պաշտպանությունն ու անվտանգությունը, էներգետիկան, ինչպես նաև հասարակական և դիվանագիտական կապերը։ Քարնիի խոսքով՝ այն հիմնված կլինի չորս հիմնական ուղղությունների վրա և կունենա երեք տարվա գործողությունների ծրագիր։ «Մեր նպատակն ինքնաբավությունը չէ, այլ հավաքական դիմակայունությունը։ Այդ պատճառով Կանադան խորացնում է գործընկերությունը վստահելի երկրների հետ՝ երկուստեք նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Իսկ Թուրքիան բացառիկ գործընկեր է»,- հայտարարել է Քարնին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի «երկրորդ ամենամեծ մշտական բանակը» և աշխարհի «ամենանորարարական պաշտպանական արդյունաբերություններից մեկը»։ «Անվտանգության ոլորտում համագործակցությունն ավելի խորն է, քանի որ Թուրքիայի ազդեցությունը լայնորեն տարածվում է»,- ասել է Քարնին՝ նշելով, որ Թուրքիան կենտրոնական դեր է խաղում աշխարհի «ամենաբարդ հակամարտությունների» կարգավորման գործում, այդ թվում՝ Գազայում, Ուկրաինայում և Իրանի դեմ պատերազմում։ «Մենք նոր ինչ-որ բանի սերմերն ենք ցանել՝ ռազմավարական գործընկերություն, որը նոր հնարավորություններ կստեղծի մեր աշխատողների և բիզնեսների համար, ինչպես նաև կապահովի ավելի մեծ անվտանգություն և բարգավաճում երկու ժողովուրդների համար։ Հոգատարության և հանձնառության շնորհիվ այն կզարգանա գալիք սերունդների համար»,- հավելել է Կանադայի վարչապետը։ Քարնին հայտնել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Կանադայի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրն աճել է 50%-ով։ Միևնույն ժամանակ, նա համաձայնել է Թուրքիայի նախագահի այն գնահատականի հետ, որ առևտրի ներկայիս ծավալը «դեռևս հեռու է առկա ներուժի լիարժեք օգտագործումից»։ «Հույս ունենք մեր առևտրի ծավալը, որն այժմ կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար, սկզբում հասցնել 5 միլիարդի, ապա՝ մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ, 10 միլիարդի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Քարնիի խոսքով՝ Կանադայի և Թուրքիայի առևտրային բանակցող խմբերը հաջորդ ամիս Անկարայում կսկսեն ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջին փուլը՝ շուկայական խոչընդոտները վերացնելու և բիզնեսի ծախսերը նվազեցնելու նպատակով։ Թուրքիային բաժին է ընկնում Կանադայի ապրանքաշրջանառության 0,3%-ից պակասը կամ 4,34 միլիարդ կանադական դոլար (3,09 միլիարդ ԱՄՆ դոլար), մինչդեռ Կանադան իր արտահանման գրեթե 70%-ն ուղղում է ԱՄՆ։ Էրդողանի և Քարնիի ներկայությամբ ստորագրվել է երեք համաձայնագիր՝ պաշտպանական ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր, օդային հաղորդակցության համաձայնագիր և էներգետիկ համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր։ «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործընկերության մասին այսօրվա նոր համաձայնագիրը կմիավորի կանադական և թուրքական ընկերություններին՝ համատեղ աշխատանք իրականացնելու համար։ Դա կնպաստի մեր երկրներում լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդմանը և ՆԱՏՕ-ի դաշինքի հզորացմանը»,- ասել է Քարնին։ Նա հավելել է, որ գնալով ավելի պառակտված աշխարհում դաշինքի անդամները պաշտպանական միջոցներով ապահովվելու համար պետք է ապավինեն միմյանց։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի