Ուկրաինայի բնակչությունը 2026 թվականի կեսերի դրությամբ կազմել է 28,5 միլիոն՝ կես միլիոնով պակաս, քան նախկինում հայտարարված ցուցանիշը։ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ժողովրդագրության և կյանքի որակի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովայի խոսքով՝ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ թե մահացությամբ, այլ մարդկանց արտագաղթով։ Նրա գնահատմամբ՝ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կարող է բախվել միգրացիայի նոր ալիքի, երբ ռազմաճակատից վերադարձած տղամարդիկ կմեկնեն արտասահման՝ իրենց ընտանիքներին միանալու համար։ Լիբանովան մտահոգություն է հայտնել, որ երկրում աշխատատեղերի և աշխատավարձերի հնարավորությունները կարող են բավարար չլինել ընտանիքների վերադարձը խթանելու համար։ Նշենք, որ 2026 թվականի հուլիսին Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայությունն ու Ժողովրդագրության ինստիտուտը երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի բնակչությունը գնահատել էին 29 միլիոն։