Ստամբուլում անցկացված Վերոնայի 19-րդ եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցել է ավելի քան 1300 մարդ՝ աշխարհի 35 երկրից։ Համաժողովին առաջին անգամ մասնակցել է նաև ԱՄՆ-ի պատվիրակությունը։ Այս մասին համաժողովի փակման արարողության ժամանակ հայտնել է «Ճանաչենք Եվրասիան» ասոցիացիայի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն։ «Ահա երկու առանցքային եզրակացություն, որ պետք է անենք այս երկու օրերի աշխատանքից հետո։ Առաջին՝ անհրաժեշտ է վերափոխել արժեքների բուրգը և առաջնային տեղում դնել տնտեսությունը։ Մենք դա առաջին հերթին կիրականացնենք խոշոր ընկերությունների ջանքերով, քանի որ հենց նրանց վրա է դրված հիմնական պատասխանատվությունը։ Երկրորդ՝ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի հավելյալ արժեքի ստեղծումն ու մարդկանց բարեկեցության բարձրացումը։ Այսօր Երկրագնդի բնակչության 5%-ը վերահսկում է համաշխարհային հարստության 90%-ը։ Սա միանգամայն աննորմալ իրավիճակ է։ Գուցե այն, ինչի մասին խոսում եմ, որոշ առումներով ուտոպիա է։ Սակայն այն, ինչ այսօր ուտոպիա է թվում, վաղը կարող է վերածվել գործնական իրականության»,- հայտարարել է Անտոնիո Ֆալլիկոն։ Նա նաև ընդգծել է, որ տնտեսությունը պետք է բխի մարդու կարիքներից և ծառայի նրա շահերին։ «Տնտեսությունը, որը ձգտում է ճնշել մարդուն, գիշատիչ, նեոլիբերալ տնտեսություն է, և դրա հետագա գոյության մեջ որևէ իմաստ չկա»,- ընդգծել է Անտոնիո Ֆալլիկոն։ The post Երկրագնդի բնակչության 5%-ը վերահսկում է համաշխարհային հարստության 90%-ը․Անտոնիո Ֆալլիկո appeared first on Alphanews .