Դատարանը որոշել է՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվելու է 9 անշարժ և 6 շարժական գույք։ Անշարժ գույքի արժեքը 811 միլիոն դրամ է։ Բնագանձվող գույքերից մեկն էլ Վաղարշապատի կենտրոնական փողոցում գտնվող մի շենք է, որտեղ այս պահին գործում է Մանվել Գրիգորյանի անվան թանգարանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանի անվան թանգարանի մուտքն անվճար է, բայց ո՛չ նկարահանման համար։ Դրսից տեսանելի է միայն նրա մեծադիր լուսանկարը։ Թանգարանի գիդ ներկայացած անձն անհավատալի է համարում դատարանի որոշումը. ինչպե՞ս կարելի է գեներալի հուշերը բռնագանձել։ Մանվել Գրիգորյանի ժառանգներից ընդհանուր բռնագանձվելու է 1 մլրդ 200 մլն դրամի գույք և դրամական միջոցներ։ Վաղարշապատցի այս տղամարդը, որ գեներալի հետ առնչվելու դառը փորձ ունի, հարցնում է՝ միայն թվարկվա՞ծն է բռնագանձվելու։ «Եթե մնացորդ կա, դա էլ պետք է վերցնեն»,- ասում է նա։ Դատարանը վճռել է՝ Գրիգորյաններից բռնագանձվում է Էջմիածնի Ալավերդյան փողոցում գտնվող երկհարկանի առանձնատունը։ Պարսպապատ տան դիմաց ոսկեգույն նստարաններ են, տան հետնամասում՝ հողատարածք և լողավազան։ Նախորդ տան շքեղությանն էականորեն զիջող ևս մեկ առանձնատուն Էջմիածնի Վազգեն Սարգսյանի փողոցում է։ Տարածքի բնակիչներից Factor TV-ին փոխանցեցին, որ այստեղ Գրիգորյանների վարորդն է ընտանիքով բնակվում։ Այն ևս անցնում է պետությանը։ Բռնագանձվող ևս մեկ առանձնատուն Էջմիածնի Չարենցի թաղամասում է։ Այն կիսակառույց է, կառույցին կից առկա է նաև հողամաս։ Տարածքում շինարարական տեխնիկա կար, սակայն մեր նկարահանման պահին այն չէր աշխատում։ Վաղարշապատի Արամ Մանուկյան թաղամասում է կիսակառույց ևս մեկ առանձնատուն։ Այն ընդգրկված է դատարանի վճռով բռնագանձման գույքերի ցանկում։ Ամբողջ հողատարածքը պարսպապատ է։ Եվս մեկ կիսակառույց Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում է։ Այս շինության հետ միասին բռնագանձվում է նաև նույն բնակավայրում գտնվող չորս հողամաս։ Գրիգորյանների ընտանիքին պատկանող ևս մեկ հողամաս պետությանն է անցել Հրազդան քաղաքում։ Հիշեցնենք՝ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանն առաջիններից էր, որ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, որի ժամանակ հայտնաբերեց զենք-զինամթերք, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկելու համար նախատեսված սնունդ, հագուստ, դեղորայք և այլ պարագաներ։ ԱԱԾ-ի հրապարակած նյութերում կային նաև «Զինվորի բաժին» մակնշմամբ պահածոներ։ Քննության վարկածով՝ զինվորներին նախատեսված օգնության մի մասը յուրացվել էր։ Դատարանը վճռեց Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք ԵԿՄ-ին փոխանցելու որոշում կայացվեց, իսկ ՊՆ-ի տնօրինմանը՝ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք։ Այս գործով 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մանվել Գրիգորյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներով։ Գրիգորյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ և նրա նկատմամբ պատիժ չնշանակվեց։ Նույն գործով անցնող նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատապարտվեց ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան