Ստեփանավանի ընտրություններում բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը։ «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել և տեղեկություններ է ստացել Ստեփանավան խոշորացվող համայնքում գործող համայնքապետ-թեկնածուների նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու և բարեգորության արգելքի հնարավոր խախտման մասին։ Հատկանշական է, որ ընտրություններում մրցակցում են գործող համայնքապետերը․ Ստեփանավանի ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար», իսկ Լոռի Բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Առաքելությունն արձանագրել և տեղեկություններ է ստացել երկու համայնքների գործող ղեկավարների կողմից Ուսուցչի օրվա առթիվ ուսուցիչներին նվերներ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Այսպես, հոկտեմբերի 5-ին Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն իր աշխատասենյակում ընդունել է համայնքի վաստակաշատ մանկավարժներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, ծաղիկներ նվիրել և հյուրասիրություն կազմակերպել։ Լոռի Բերդի և Գյուլագարակի դպրոցներում ևս Ուսուցչի օրվա առթիվ տրամադրվել են ծաղիկներ, քաղցրավենիք և ըմպելիքներ՝ Լոռի Բերդի համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ։ Առաքելությունը տարբեր դպրոցներից ստացել է նվերների տրամադրման հաստատումներ։ Միաժամանակ, Լոռի Բերդի դպրոցներից մեկի աշխատակիցների փոխանցմամբ՝ նախկինում նման նախաձեռնություն չի իրականացվել։ Ուշագրավ է, որ նվերներ են տրամադրվել նաև Գյուլագարակի դպրոցներին, որոնք գտնվում են ներկայիս Լոռի Բերդ համայնքի վարչական սահմաններից դուրս, սակայն ընդգրկված են առաջիկա ընտրություններով ձևավորվող Ստեփանավան խոշորացվող համայնքի կազմում։ Առաքելությունը կարևոր է համարում պարզել նաև երկու համայնքապետերի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների և նվերների տրամադրման, ֆինանսավորման աղբյուրները։ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Ներկայացված դեպքերում առկա են բարեգործության արգելքի հնարավոր խախտման հատկանիշներ, որոնք պահանջում են իրավասու մարմինների պատշաճ ուսումնասիրություն և իրավական գնահատական։ «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը գնահատել ներկայացված դեպքերում բարեգործության արգելքի առերևույթ խախտման հատկանիշների առկայությունը։ Միաժամանակ, առաքելությունը հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և իրավասու այլ մարմիններին ուսումնասիրել ներկայացված հանգամանքները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում։ The post «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել appeared first on Infocom .