Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ 19,278 ընտրող ունեցող այս համայնքը ղեկավարելու համար պայքարում է չորս քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան, Գործարար և Հանրապետություն կուսակցությունները։ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև Հայրենիք կուսակցությունը, սակայն օրեր առաջ կուսակցությունը ինքնաբացարկ հայտնեց։ Ազգային ժողովը հունիսի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Այս նախագծով ձևավորվեց Ստեփանավան նոր խոշորացված համայնքը՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով: Հետքն ուսումնասիրել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ավագանու անդամի բոլոր թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը Ստեփանավանի ընտրություններում գլխավորում է Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Նա 1991-2017 թվականներին ղեկավարել է Կողես բնակավայրը։ 2017-ին՝ համայնքի խոշորացումից հետո ընտրվել է խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավար։ Արայիկ Ներսիսյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 4.7 մլն դրամ աշխատավարձ Լոռի Բերդի համայնքապետարանից։ 1.2 մլն դրամ էլ ստացել է վարձակալության վճար Հունայկա ՍՊԸ-ից։ Ներսիսյանը հայտարարագրել է 35 մլն դրամ և 60 հազար դոլար։ Արայիկ Ներսիսյանը 37 անշարժ գույք ունի։ Նա հայտարարագրել է 5 բնակարան, որոնցից 1-ը՝ Երևանում, 4-ը՝ Ստեփանավանում, 3 առանձնատուն Ստեփանավանում, հասարակական նշանակության 2 շինություն Լոռի Բերդում, արտադրական նշանակության շինություն Կողեսում, 3 ավտոտնակ Ստեփանավանում և 23 հողամաս, որոնցից 4-ը՝ Յաղդանում, 19-ը՝ Կողեսում։ Արայիկ Ներսիսյանն ունի 6 տրակտոր, 3 Mercedes Benz՝ 2000, 2004 և 2008 թվականների արտադրության, 2010 թվականի արտադրության Ford, 2004 թվականի արտադրության Ford Transit 2.4D և 1996-ի Ford Transit 2.4։ Ցուցակի երկրորդ համարը Նարեկ Նալբանդյանն է։ Նա ՀԷՑ-ի Դեբեդ մասնաճյուղի Ստեփանավան էլեկտրացանցի պետն է։ Նրա աշխատավարձը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3.7 մլն դրամ։ 2.4 մլն դրամ աշխատավարձ էլ ստացել է ԲԷՑ ՓԲԸ-ից։ Նարեկ Նալբանդյանի խնայողությունները կազմել են 3 մլն դրամ և 5000 դոլար։ Նա հայտարարագրել է նաև 2016 թվականի արտադրության Lada Granta մակնիշի մեքենա։ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Հերմինե Ջանջուղազյանը ՔՊ-ի ցուցակի երրորդ համարն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում ստացել է 2.8 մլն դրամ աշխատավարձ։ Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքում գտնվող 288 քմ մակերեսով առանձնատան սեփականատեր է։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարը Արսեն Գևորգյանն է։ Նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որից հաշվետու ժամանակահատվածում ստացել է մոտ 37 մլն դրամի եկամուտ։ Գևորգյանի խնայողությունները կազմել են 2.2 մլն դրամ։ Անշարժ կամ շարժական գույք Ուժեղ Հայաստան-ի առաջին համարը չի հայտարարագրել։ Դավիթ Մաթևոսյանը ցուցակի երկրորդ համարն է։ Նա չի աշխատում։ Գյուղատնտեսական գործունեությունից Մաթևոսյանը ստացել է 1 մլն դրամ եկամուտ, 12.000 եվրո էլ ֆինանսական օգնություն է ստացել երկու անձից։ Մաթևոսյանը հայտարարագրել է 3 մլն դրամ, 400 դոլար, 20.000 եվրո և 110.000 ռուբլի։ Մաթևոսյանը 1.4 հա ընդհանուր մակերեսով 4 հողամաս ունի Գարգառ գյուղում։ Նույն գյուղում Դավիթ Մաթևոսյանն ունի 3 բնակելի տուն և անասնաշենք։ Նա հայտարարագրել է նաև 2 մեքենա՝ Range Rover և Ford Transit։ Աստղիկ ԲԿ-ի Տաշիրի մասնաճյուղի ֆինանսական և կազմակերպչական հարցերով ղեկավար Մարինե Վահրամյանը Ուժեղ Հայաստանի երրորդ համարն է։ Նա Աստղիկ ԲԿ-ից ստացել է 2.7 մլն դրամ աշխատավարձ։ Վահրամյանը Ստեփանավանում գտնվող 2 անհատական բնակելի տան սեփականատեր է։ Նա հայտարարագրել է նաև 2013 թվականի արտադրության Mercedes Benz C250 մակնիշի ավտոմեքենա։ Գործարար կուսակցության ցուցակը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը։ Նա վերջին մեկ տարում Ստեփանավանի համայնքապետարանից ստացել է 6.7 մլն դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 19.4 մլն դրամ։ Արմեն Գրիգորյանը Ստեփանավան քաղաքում 791 և 445.5 քմ մակերեսներով երկու բնակելի տուն ունի։ Նա նաև 107.7 քմ մակերեսով բնակարան ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 412 քմ մակերեսով հողամաս և 5599 քմ մակերեսով արտադրական նշանակության շինություն Ստեփանավանում։ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 1996 թվականի արտադրության Lexus LX450 մակնիշի ավտոմեքենա։ Հմայակ Մարտիրոսյանը, ով Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական գծով համակարգողն է, Գործարար կուսակցության երկրորդ համարն է։ Մարտիրոսյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 3.6 մլն դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 200 հազար դրամ։ Անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Վիվա Արմենիա ՓԲԸ-ի Ստեփանավանի սպասարկման գրասենյակի ավագ մասնագետ Կարինե Նազարյանը Գործարար կուսակցության ցուցակի երրորդ համարն է։ Վիվա Արմենիա ՓԲԸ-ից վերջին մեկ տարում ստացել է 3.6 մլն դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 9000 դրամ և 200 եվրո։ Կարինե Նազարյանն ունի 54 քմ մակերեսով բնակարան Երևանում, 0.1 հա մակերեսով հողամաս Ստեփանավանում և 2016 թվականի արտադրության Toyota Camry մակնիշի մեքենա։ Հանրապետություն կուսակցության ցուցակը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Արտակ Ալեքսանյանը։ Նա չի աշխատում, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում էլ հաշվետու ժամանակահատվածի համար եկամտի որևէ աղբյուր չի նշել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ալեքսանյանն ունեցել է 12 մլն դրամ և 20.000 դոլար։ Նա 70% բաժնեմաս ունի Արթուր Ա/Կ-ում։ Ցուցակի երկրորդ համարը Արմեն Ալեքսանյանն է։ Նա Արտակ Ալեքսանյանի երկվորյակ եղբայրն է։ Արմեն Ալեքսանյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 30 մլն դրամ և 30 հազար դոլար։ Ալեքսանյանը 1200 քմ մակերեսով հողամաս ունի Ստեփանավանում և 300 քմ մակերեսով անասնագոմ։ Արմեն Ալեքսանյանը հայտարարագրել է նաև 2020 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա։ Հանրապետություն կուսակցության ցուցակում Ալեքսանյան եղբայրներին հաջորդում է Մարիաննա Մարտիրոսյանը։ Նա չի աշխատում, իսկ հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է։ Վերջին մեկ տարում Ստեփանավանի ավագանու անդամի թեկնածուներից ամենաշատ եկամուտը ստացել է Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 34-րդ համար Հայրապետ Ջուլհակյանը։ Նա գյուղատնտեսական գործունեությունից ստացել է 40 մլն դրամ եկամուտ։ Երկրորդ ամենաշատ եկամուտ ստացած թեկնածուն Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 37 մլն դրամ եկամուտ։ Ամենաշատ եկամուտ ունեցողների եռյակը եզրափակում է Գործարար կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար Արմեն Գրիգորյանը։ Նա Դավք-Գրիգ ՍՊԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունից հաշվետու ժամանակահատվածում ստացել է 1.6 մլն դրամ աշխատավարձ։ 25 մլն դրամ էլ Գրիգորյանը վարձավճար է ստացել ՆՆ հոլդինգ ՍՊԸ-ից։ Արմեն Գրիգորյանը նաև ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուների եռյակում է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 46.8 մլն դրամ, 12.400 դոլար, 2.200 եվրո և 80.000 ռուբլի։ Ստեփանավանի ավագանու անդամի 156 թեկնածուներից 45-ը, ըստ հայտարարագրի, առհասարակ եկամուտ չի ունեցել։ Եվ նրանցից միայն 6-ն է ունեցել 10 մլն դրամը գերազանցող եկամուտ։ Ամենաշատ դրամական միջոցներ էլ հայտարարագրել է ՔՊ ցուցակի առաջին համար Արայիկ Ներսիսյանը։ Նրա դրամական միջոցները կազմել են 35 մլն դրամ և 60.000 դոլար։ Այս ցուցանիշով երկրորդը Քաղաքացիական պայմանագրի 16-րդ համար Արթուր Հարությունյանն է։ Նա հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 28.8 մլն դրամ, 37.800 դոլար և 28.600 եվրո։ Ավագանու անդամի 156 թեկնածուներից 62-ն առհասարակ խնայողություններ չունեն։ Թեկնածուներից 55-ն էլ մինչև 1 մլն դրամ է հայտարարագրել։ Իսկ 10 մլն դրամից ավելի գումար հայտարարագրել են ավագանու անդամի թեկնածուներից 14-ը։ Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին թեկնածուների թվով առաջատարը Ուժեղ Հայաստան կուսակցությունն է՝ 51 թեկնածու, Քաղաքացիական պայմանագիրը՝ 50, Գործարար կուսակցությունը՝ 35, նրանցից հինգը ՔՊ կուսակցության անդամներ են։ Թեկնածուների թվով վերջին տեղում է Հանրապետություն կուսակցությունը. առաջադրվել է 20 հոգի։ Ընդհանուր 156 ավագանու թեկնածու է ներառված չորս կուսակցությունների ցուցակներում, որոնց 38%-ը չի աշխատում։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է Ուժեղ Հայաստան կուսակցության դեպքում՝ 69%։ Երկրորդ տեղում Հանրապետություն կուսակցությունն է՝ 60%, հաջորդում է Գործարար-ը՝ 29%, իսկ Քաղաքացիական պայմանագիրը՝ 6%։ Կանանց ամենամեծ ներգրավվածությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ապահովել՝ 36%, որը օրենքով սահմանված նվազագույն չափից շատ բարձր չէ, ինչը կարելի է ասել նաև մյուս կուսակցությունների դեպքում։ Երկրորդ տեղում Գործարար կուսակցությունն է՝ 34%, Ուժեղ Հայաստան՝ 31%, Հանրապետություն՝ 30%: