ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ չեղած տեղը ԵԱՏՄ–ն դավադրություն է կազմակերպել ՀՀ–ի դեմ. «Աբովյան Time»-ի եթերում ասում է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Հայաստանի մասին ԵԱՏՄ 4 անդամ երկրների զեկույցին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` զեկույցի անդրադարձին։Նշենք, որ ԵԱՏՄ զեկույցում ներկայացվել են կառույցից դուրս գալու դեպքում Հայաստանի համար հնարավոր տնտեսական հետևանքները։ Փաստաթղթի համաձայն` ռուսական գազի գինը Հայաստանի համար կբարձրանա 69 %-ով, ՀՆԱ–ն կկրճատվի 15 %-ով։ՀՀ իշխանությունը պրիմիտիվ հույս է ունեցել, որ կկարողանա ճեղքում մտցնել ԵԱՏՄ–ումՔաղաքական վերլուծաբանի կարծիքով` ՀՀ իշխանությունը պրիմիտիվ հույս է ունեցել, որ քաղաքական ու դիվանագիտական որոշ խաղերի արդյունքում կկարողանա ճեղքում մտցնել ԵԱՏՄ–ում։ «Երևի նկատել եք, որ վերջին առնվազն 1 տարում Ղազախստանի ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականությունը բավականին ակտիվ է։ Նույնիսկ փորձում են գայթակղել Տոկաևին ու մյուսներին երկաթուղու կոնցեսիոն կառավարման խոստումներով։ Երևի Նիկոլ Փաշինյանը հույս ուներ Կենտրոնական Ասիայի երկրներում դաշնակիցներ գտնելու։ Բայց չստացվեց»,– ասում է Սուրենյանցը` արձանագրելով, որ ԵԱՏՄ զեկույցը կոնսոլիդացված է և ստորագրված ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից, բացի Հայաստանից։Սա, նրա գնահատմամբ, վկայում է, որ, ի տարբերություն ՀՀ իշխանության, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների իշխանություններն առաջնորդվում են ռազմավարական մտածողությամբ և հաշվարկներով, և հանուն Հայաստանի չեն գնալու ՌԴ–ի հետ իրենց հարաբերությունները փչացնելու կամ ԵԱՏՄ–ում վատ նախադեպեր ստեղծելու ճանապարհով։Սուրենյանցի պնդմամբ` եթե ՀՀ իշխանությունն իսկապես մտադիր է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել և ինստիտուցիոնալ երաշխիքներ տալ ԵԱՏՄ գործընկերներին, առաջին հերթին` Ռուսաստանին, որ իր արտաքին քաղաքականության նպատակը ստրատեգիական վերակողմնորոշումը չէ, պետք է օր առաջ չեղարկի ԵՄ–ին անդամակցության մասին «ոչինչ չասող» ու «չկենսագործվող» օրենքը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին հարցին, ասել էր, որ կարծում է՝ գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչի հետ, որի նպատակն է ներքաղաքական անկայունություն հրահրելն ու արդյունքում ՀՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելը։