Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում այսօր ավտոմեքենայից կրակոցներ արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հաստատել են տեղական իշխանությունները, գրում է DW-ն ։ Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։ «Անձն իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել իր ճանապարհին հանդիպած մի քանի մարդկանց ուղղությամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեհը։ Ավելի ուշ նա ֆրանսիական BFM TV-ին հայտնել է, որ կրակոցների վայրերից մեկը մանկական խաղահրապարակն է եղել։ «Հրաշք է, որ զոհերն ավելի շատ չեն»,- ասել է նա՝ հավելելով, որ զոհվածն աֆրիկյան ծագում է ունեցել, իսկ ծանր վիրավորում ստացածներից մեկը՝ հյուսիսաֆրիկյան։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ կասկածյալը կրակոցներ է արձակել «ռազմական նշանակության զենքից կամ առնվազն ավտոմատ զենքից»։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն միջադեպն անվանել է «շատ լուրջ»՝ նշելով, որ «անվտանգության ուժերի և դատական մարմինների բոլոր հասանելի ռեսուրսները լիովին մոբիլիզացվել են»։ Նա հավելել է, որ իրավիճակին հետևում է Ֆրանսիայի հակաահաբեկչական ազգային դատախազությունը (PNAT)։ Այն էլ, իր հերթին, հայտնել է, որ հետաքննություն է սկսել «ահաբեկչական գործունեության հետ կապված սպանության» գործով՝ ծանրացուցիչ հանգամանքով, որ գործողությունները կատարվել են՝ ելնելով տուժողի՝ որոշակի ռասայական, էթնիկ, ազգային կամ կրոնական խմբին փաստացի կամ ենթադրաբար պատկանելու հանգամանքից։ Կրակոցների հնարավոր շարժառիթն առայժմ պարզ չէ։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ հերթական բողոքի ցույցերին։ Փարիզի և այլ խոշոր քաղաքների հայտնի թանգարանները փակելու են իրենց դռները, իսկ կառավարությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել անվտանգության ուժերի ներկայությունը։ «Խոսքը խաղաղ ու հաճելի բողոքի ակցիայի մասին չէ։ Մենք պատրաստ ենք վաղը գործել չափազանց վճռական և ոչինչ չհանդուրժել»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարարը՝ հայտարարելով, որ կտեղակայվի անվտանգության 70 հազար աշխատակից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի