Նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում նախատեսված՝ Ուկրաինայի շուրջ կարգավորման բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով։ Սակայն հետագայում չի բացառվում Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությունը՝ անվտանգության հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Սկզբունքորեն ոչինչ չի կարելի բացառել, բայց Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները, որոնց մասին խոսում ենք, կանցկացվեն եռակողմ ձևաչափով»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ՝ հաշվի առնելով եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկման ծրագրերը։ Պեսկովը ը հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը նշել էր բանակցությունների թեման՝ դրանք Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերն են խաղաղ կարգավորման դուրս գալուց հետո։ «Սա խաղաղ կարգավորման հասնելու գործընթացի շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ Առանց դրա համապարփակ լուծումն անհնար է, ուստի, կարծում եմ, սա քննարկման շատ լուրջ թեմա է։ Դժվար է ասել, թե ինչպես և ինչ ձևաչափով կշարունակվեն հետագա քննարկումները։ Ակնհայտ է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը հնարավոր չի լինի քննարկել առանց մյուս մասնակիցների, սակայն այդ քննարկումը կսկսվի հենց եռակողմ ձևաչափով»,- ասել է Պեսկովը։ Հարցին, թե Կրեմլն ինչպես կվերաբերվեր Ուկրաինայի շուրջ դիվանագիտական գործընթացում Եվրամիության ներգրավմանը՝ հաշվի առնելով եվրոպական երկրների ներկայիս ներգրավվությունը հակամարտությանը, ինչպես նաև հայտարարությունները, որ ԵՄ-ն քննարկում է իր հատուկ ներկայացուցչի նշանակումը՝ ուկրաինական հարցով բանակցություններին մասնակցելու համար, Պեսկովը պատասխանել է, որ «դա կախված է դիրքորոշումից, որով եվրոպացիները կարող են մասնակցել այդ գործընթացին»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»