Քիմիական նյութերի անվտանգ կառավարման օրենսդրական հենքի ձևավորումը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման կարևոր բաղադրիչ է և բխում է ՀՀ կառավարության ծրագրով ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած հանձնառություններից։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ մշակվել է քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված օրենքի և «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման վերաբերյալ նախագծերի փաթեթը, ինչպես նաև իրականացվել է դրա խորացված կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ)։ Նախատեսվող կարգավորումների շուրջ առաջին հանրային քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում՝ դեղագործական ոլորտի հիմնական ներմուծողների և արտադրողների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ, քննարկվել են նախատեսվող կարգավորումների կիրառման առանձնահատկությունները, տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քննարկումները կշարունակվեն տնտեսավարող սուբյեկտների այլ խմբերի հետ ևս՝ ապահովելով շահագրգիռ և ազդակիր կողմերի մասնակցությունը քիմիական նյութերի անվտանգ կառավարման իրավական դաշտի կատարելագործման գործընթացին։