ArmLur.am -ը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը։ Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է թեկնածության հարցը, որից հետո այն ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի առաջիկ ԱԺ նստաշրջանում։ Կարեն Առուստամյանը նոր անուն չէ Հաշվեքննիչ պալատի համար․ նա այդ կառույցի անդամ է ընտրվել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ Այժմ նրա թեկնածությունն առաջադրվել է կրկին։ Ո՞վ է Կարեն Առուստամյանը Կարեն Առուստամյանը ծնվել է 1979 թվականին՝ Երևանում։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում։ 2003 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Նրա աշխատանքային գործունեությունը պետական հատվածում սկսվել է 2004 թվականից։ 2005 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Հետագայում ղեկավարել է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչությունը։ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը նրան ընտրել է Հաշվեքննիչ պալատի անդամ։ Այդ ժամանակ քվեարկությանը մասնակցած 104 պատգամավորից 103-ը կողմ էին քվեարկել, մեկը՝ դեմ։ Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին խորհրդարանական հանձնաժողովում ելույթ ունենալով՝ Առուստամյանը նշել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություններից է հանրային միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության գնահատումը։ Նրա խոսքով՝ հաշվեքննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բավարար և վստահելի ապացույցների վրա։ Ընտրվելու դեպքում նա մտադիր է կենտրոնանալ հաշվեքննությունների որակի բարձրացման, Հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների բարելավման և ներկայացված առաջարկությունների կատարման նկատմամբ հետագա վերահսկողության զարգացման վրա։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Առուստամյանին հարցրել է՝ արդյոք երկար տարիներ Հաշվեքննիչ պալատում աշխատելու ընթացքում նա առնչվել է համակարգային կոռուպցիայի դեպքերի կամ տեղեկություններ է ունեցել դրանց մասին։ Առուստամյանը պատասխանել է, որ աուդիտը ռիսկերի կառավարման գործիքներից մեկն է, սակայն համակարգային կոռուպցիայի վերաբերյալ կոնկրետ գիտելիքներ չունի։ Հանձնաժողովը քննարկել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Տարոն Վարազդատյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում Առուստամյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել հանձնաժողովի 4 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Վարազդատյանի թեկնածությունը ստացել է 2 կողմ և 3 դեմ ձայն։ Այսպիսով՝ Կարեն Առուստամյանի թեկնածությունը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունը դեռևս չի նշանակում, որ նա ընտրվել է․ վերջնական որոշումը պետք է կայացնի խորհրդարանը։ Սոնա Գրիգորյան