2026թ. հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում սպասվում են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Քաղաքական պայքարի մեջ է երկու քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Արդարություն կուսակցությունների դաշինքը: Վերջինս կազմված է Համերաշխություն և Առաջ աջակենտրոն կուսակցություններից: Հետք-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թեկնածուների հայտարարագրերը՝ պարզելու նրանց եկամուտները, ունեցվածքն ու դրամական միջոցները, ինչպես նաև տեղեկություններ ստանալու նրանց տարիքի ու աշխատանքային զբաղվածության մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է ավագանու ընտրությունների 63 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Թեկնածուների մեծ մասը՝ 52 հոգի, աշխատում է, իսկ 11-ը՝ գործազուրկ։ 33 թեկնածու աշխատում է համայնքապետարանում կամ դրան ենթակա կառույցներում, օրինակ՝ մանկապարտեզներում ու ամբուլատորիաներում, իսկ 14-ը դպրոցի աշխատողներ են՝ ուսուցիչներ, պահակներ։ Ցուցակում ընդգրկված է 42 տղամարդ և 21 կին։ Թեկնածուներից 45-ը ՔՊ անդամ է, իսկ 18-ը՝ անկուսակցական։ Մինչև 25 տարեկան երիտասարդներ ցուցակում չկան, իսկ 55-ից բարձր տարիք ունի 19 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Արաքս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանը։ 2025թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2026թ.-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտը կազմել է մոտ 24 մլն դրամ, որից մոտ 5.5 միլիոնը աշխատավարձն է, 14 միլիոնը՝ գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտը, իսկ 4.5 միլիոնը՝ վարձակալության վճարները։ Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում, 6 հողատարածք, 2 հասարակական շինություն, ինչպես նաև Toyota Fortuner և Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենաներ։ Երկրորդ համարը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահրամ Հարությունյանն է, որի տարեկան եկամուտը կազմել է 6.7 միլիոն դրամ՝ ձևավորված աշխատավարձից և գյուղմթերքի իրացումից։ Ունի 1989թ. արտադրության ԿամԱԶ ավտոմեքենա։ Վ. Հարությունյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն գյուղմթերքի իրացումից եկամուտ է հայտարարագրել: Ցուցակում ընդգրկված թեկնածուներից նա միակը չէ, որ առանց հողի գյուղմթերք է աճեցնում և իրացնում՝ ստանալով միլիոնների եկամուտ: Օրինակ, ցուցակի 48-րդ համար Լարիսա Ավաքյանը ևս հողատարածք չի հայտարարագրել, սակայն 2025թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2026թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գյուղմթերքի իրացումից ստացել է 20 մլն դրամ եկամուտ: Ես հողատարածք չունեմ, բայց իմ ընտանիքն ունի: 5000 քմ տնամերձ ունենք, որի վրա ժամանակակից ջերմոցներ ա կառուցված: 30 մլն դրամ վարկ եմ վերցրել՝ արել եմ, դրա արդյունքն եմ ստացել: Իմ ամբողջ ընտանիքի մասին չէի նշի հայտարարագրում, այդ հողերում ես մասնաբաժին չունեմ, իմ ամուսնու, իմ տղաների անունով է,- Հետքի հետ զրույցում ասաց Լարիսա Ավաքյանը: Նույն պատկերն է նաև ցուցակի 26-րդ համար Արսեն Նահապետյանի հայտարարագրում. որևէ անշարժ գույք չի նշել, սակայն գյուղմթերքի իրացումից ստացել է 8 մլն դրամի եկամուտ: Նա Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է: Առանց հողի գյուղմթերքի վաճառքից 2 մլն դրամ եկամուտ է ստացել նաև համայնքի Մեծամոր բնակավայրի վարչական ղեկավար Հասմիկ Հովսեփյանը: Նա ընտրական ցուցակում 33-րդ համարն է: Նույն եղանակով 9 մլն դրամի եկամուտ է ստացել թեկնածու Հայկ Հովսեփյանը, ինչպես նաև մի շարք այլ թեկնածուներ։ Ցուցակի երրորդ համարը Ջրառատ գյուղի միջնակարգ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Նոնա Կարապետյանն է: Նա հայտարարագրել է 3.1 միլիոն դրամի աշխատավարձ և 0.19 հեկտար վարելահող։ Ընդհանուր առմամբ, 63 թեկնածուից 17-ի տարեկան եկամուտը մինչև 2 միլիոն դրամ է, 24-ինը՝ 2- 5 միլիոն, 9-ինը՝ 5-10 միլիոն, և միայն 13 թեկնածուի եկամուտն է անցնում 10 միլիոն դրամի շեմը։ Ուշագրավ է այն փաստը, որ ցուցակի 63 թեկնածուներից և ոչ մեկը հայտարարագրում ընդհանրապես դրամական միջոց չի նշել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակում է նաև Շահեն Շահինյանը: Նա գործող ավագանու անդամ է: Շահինյանը հայտնի է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ հողերի առուվաճառքով: Գրել էինք, որ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրի մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։ Հողատարածքի օտարման մասին մեր հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Արդարություն կուսակցությունների դաշինք Արդարություն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում սկզբնապես ընդգրկված է եղել 20 թեկնածու, սակայն ցուցակի 20-րդ համարը մինչև գրանցումը ինքնաբացարկ է հայտնել, ուստի այժմ ընտրապայքարը շարունակում է 19 թեկնածու։ Դաշինքի թեկնածուների մեծ մասը՝ 11 հոգի, գործազուրկ է, 8-ն աշխատում է։ Թեկնածուներից 13-ը տղամարդ է, 6-ը՝ կին, իսկ անկուսակցական է նրանցից միայն 3-ը։ Տարիքային կազմում գերակշռում են 35-44 տարեկանները՝ 11 հոգի, իսկ 18-24 տարեկան երիտասարդները նախընտրական ցուցակում 2-ն են։ Ցուցակը գլխավորում է գործարար Հակոբ Մելքոնյանը, ով 2021թ.-ին Արաքս համայնքի ավագանու անդամ էր ընտրվել Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում թեկնածուի եկամուտը կազմել է 21 մլն դրամ, որից 15 մլն-ը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից, իսկ 6 մլն-ը՝ ջերմոցային տնտեսությունից։ Նա հայտարարագրել է տուն, հասարակական շինություն, Lexus GX 460, Honda CR-V և Kamaz 5511 մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև դրամական միջոցներ՝ 5.8 մլն դրամ, 18 հազ. ԱՄՆ դոլար և 1.6 միլիոն ռուսական ռուբլի։ Երկրորդ համարը ավագանու գործող անդամ, անհատ ձեռնարկատեր Սարիբեկ Մկրտչյանն է: Զբաղվում է լավաշի արտադրությամբ։ Վերջին մեկ տարում նրա եկամուտը կազմել է 12 մլն դրամ, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից։ Ս. Մկրտչյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն, հողամաս, 18 մլն դրամ կանխիկ դրամական միջոց, ինչպես նաև 3 ավտոմեքենա՝ Գազել, Kia Forte և Lada Largus։ Ցուցակի երրորդ համարը թոշակառու Մարինե Առաքելյանն է։ Նրա տարեկան եկամուտը ձևավորվել է 69 հազ. 300 դրամ թոշակից և գյուղմթերքի իրացումից ստացված 960 հազար դրամից։ Թեկնածուն հայտարարագրել է նաև տուն և հողամաս։ Ընդհանուր առմամբ, Արդարություն դաշինքի 19 թեկնածուներից 7-ը եկամուտ չի հայտարարագրել։ 4 թեկնածուի եկամուտը չի գերազանցել 1 միլիոն դրամը, մեկ թեկնածուի եկամուտը կազմել է 1-2 մլն դրամ, և միայն 3 թեկնածու է հայտարարագրել 10 միլիոն դրամից ավելի եկամուտ։ Դրամական միջոցների պատկերը գրեթե նույնն է․ 4 թեկնածու ընդհանրապես դրամական միջոցներ չի ունեցել, երկուսն ունեցել են մինչև 1 մլն դրամ, իսկ 10 մլն դրամից ավելի դրամական միջոց հայտարարագրել է 3 թեկնածու։ Երկու քաղաքական ուժերի հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հիմնականում ներկայանում է համայնքային ու կրթական ոլորտի աշխատակիցներից կազմված ցուցակով: Թեկնածուները հայտարարագրերում թեև ցույց են տվել միլիոնավոր դրամների եկամուտներ, սակայն նրանցից և ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել։ Մինչդեռ Արդարություն դաշինքի ցուցակում, չնայած գործազուրկների բարձր թվին, առաջատար դեմքերը ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք են, որոնք տնօրինում են զգալի կանխիկ միջոցներ և եկամուտ: Հայտարարագիր ներկայացնելու պահանջը նախատեսված է Ընտրական օրենսգրքով: Սակայն, չկա վերահսկող մարմին, և հայտարարագրերում լրացված տվյալների արժանահավատությունը թողնված է թեկնածուների բարեխղճության վրա:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հող չունեն, բայց միլիոնների գյուղմթերք են վաճառում․ ի՞նչ են հայտարարագրել Արաքսի ավագանու թեկնածուները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել և հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր
Hetq / 21 minutes ago

Զրո դրամից մինչև 60 մլն դրամ. ովքե՞ր են Իջևան համայնքի ավագանու թեկնածուները և ի՞նչ են հայտարարագրել
Hetq / 33 minutes ago

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման և պաշտոնեական չարաշահումների գործով նախաքննությունը
Hetq / 1 hour ago

Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել
Hetq / 2 hours ago
Related coverage

Հովիվը անցել է՝ հետ են վերադարձրել, ստեղ խնդիր չկա, բայց ահաբեկչին թույլ չենք տալու հետ տալ
24TV / 24News / 18 minutes ago

Դաժե,որ Նիկոլ Փաշինյանը մեր համայնք ա էկել, էրեխեն գնացել դրոշա ուզել. մասիսցի
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

Մրգավետ գյուղում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Alpha News / 51 minutes ago

Հայկական ձեռագրերի վերադարձը պետք է դառնա պետական քաղաքականություն
1in.am / 1 hour ago