Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունները։ «Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է նա։ Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ «Գործընկերոջս հետ քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, ապրանքների մատակարարումներին, համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցերին և այլ հարցերի։ Ես նաև գործընկերոջս տեղեկացրել եմ քաղաքական և իրավական հարցերի մասին, որոնց լուծումն Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից՝ այս գործընթացը լիովին ավարտելու համար»,- նշել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ, վերականգնողական աշխատանքները և ականային վտանգը։ Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հետևանքների, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ։ Բայրամովը հույս է հայտնել, որ հնդիկ գործընկերոջ այցն ու հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։ Բայրամովը նշել է նաև, որ վերջին տարիներին երկու երկրների միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել։ «Դա նույնպես ազդել է երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության վրա։ Այսօր մենք բաց և կառուցողական քննարկում ենք ունեցել այդ հարցերի շուրջ։ Այդ քննարկման արդյունքները կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է նա։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ այսօրվա բանակցությունները համագործակցության նոր հնարավորություններ կստեղծեն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի