ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արկտիկայի տարածաշրջանում ապրող ժողովուրդներն առաջինն են զգում կլիմայական փոփոխություններն ու արձագանքում դրանց, և նրանց փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար, քանի որ արկտիկական գոտում ընթացող գործընթացներն ազդում են ամբողջ աշխարհի վրա: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան Յուգրայից ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ալեքսանդր Նովյուխովը՝ պատասխանելով այն հարցին, թե բնիկ ժողովուրդների փորձն ինչպես կարող է օգնել Հայաստանին կլիմայական փոփոխությունների խնդիրների լուծման գործում:Նովյուխովն իր գործընկերների հետ Հայաստան է եկել` COP17 կլիմայական համաժողովին մասնակցելու: Սենատորն ընդգծեց համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության համար:Նրա խոսքով՝ Յուգրայում ստեղծվել է տարածաշրջանային նշանակության ավանդական բնօգտագործման 475 տարածք՝ ավելի քան 13 միլիոն հեկտար ընդհանուր մակերեսով: Այս մեխանիզմը թույլ է տալիս համատեղել կենսաբազմազանության պահպանումը, բնիկ սակավամարդ ժողովուրդների կենսակերպը և արդյունաբերության զարգացումը: Բացի այդ, տարածաշրջանը բիզնեսի և բնիկ ժողովուրդների փոխգործակցության շուրջ 30 տարվա փորձ է կուտակել, նաև մշակել է այնպիսի մոդելներ, որոնց դեպքում համագործակցությունն օգուտ է բերում երկու կողմերին:Այս կուտակված փորձը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներից քաղված գիտելիքները կարող են օգտակար լինել նաև Հայաստանին: Սենատորը պարզաբանեց, որ կլիմայական փոփոխությունների մասշտաբները կարելի է գնահատել համաշխարհային օվկիանոսի, տաք և սառը հոսանքների, ինչպես նաև կենդանիների ու չվող թռչունների միգրացիայի վերլուծության միջոցով:Խանտի-Մանսիյսկի շրջանում արդեն 4 այդպիսի տարածք կա։ Առանձին ձևավորվել է վերլուծական բազա՝ կլիմայական օրակարգի ուսումնասիրության համար:Նովյուխովն ընդգծեց, որ կլիմայի ոլորտում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Արկտիկայում տեղի ունեցող գործընթացներից կախված են նաև այն պետությունները, որոնք անմիջականորեն կապված չեն այդ տարածաշրջանի հետ:Խանտի-Մանսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Կորեպանովը, որը երրորդ անգամ է Հայաստանում, անդրադարձավ մեր երկրի երկրի հյուրընկալությանն ու զբոսաշրջային ներուժին, որը լիարժեք բացահայտված չէ:«Հայաստանը զբոսաշրջիկների, հատկապես ավտոզբոսաշրջիկների համար ամենահարմարավետ և բարյացակամ երկրներից մեկն է․․․ Ամենակարևորը մարդկանց վերաբերմունքն է: Սկսած երկիր մուտք գործելուց, ամեն անգամ, երբ ես կանգ էի առնում, կողքիս մեքենաներ էին կանգնում՝ հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ինչ-որ օգնության կարիք կա»,– ասաց նա Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:Խոսելով Խանտի-Մանսիյսկի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարների մասին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ տարածաշրջանի ընկերություններից մեկն արդեն սկսել է շինարարական նախագիծ իրականացնել Երևանում: Նախագիծը նախատեսում է համալիր կառուցապատում՝ տեղական առանձնահատկություններն ու պայմանները հաշվի առնելով։