Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի բնակիչները և տարբեր երկրներից ժամանած շուրջ 50 բեռնատարների վարորդներ փակել են Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը՝ պահանջելով հնարավորինս շուտ վերանորոգել այն։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը մի քանի տարի է՝ գտնվում է վատ վիճակում։ Այս տարի ճանապարհի վերականգնման նպատակով քանդվել են մի քանի հատվածներ, սակայն տարբեր պատճառաբանություններով վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել։ Երբեմն պատասխանում էին, որ սպասում են թույլտվություններին, երբեմն ասում էին, որ պետք է նոր մրցույթ անցկացվի։ Արդյունքում ճանապարհն անանցանելի է, իսկ մարդիկ, որոնք ստիպված են երթևեկել այդ ճանապարհով, մշտապես անհարմարությունների և կորուստների են ենթարկվում։ «Մի քանի օր առաջ հրդեհ էր բռնկվել։ Մինչև հրշեջ մեքենան հասավ, մեքենան այրվեց։ Ինչպե՞ս կարելի է այսպիսի պայմաններում ապրել։ Գյուղատնտեսական մթերքը չենք կարողանում վաճառել, շտապօգնության և հրշեջ մեքենաները չեն կարողանում անհրաժեշտ ժամանակին հասնել մեզ մոտ, հղիներին չենք կարողանում ժամանակին հիվանդանոց հասցնել։ Էլ չեմ ասում, թե որքան գումար ենք ծախսում մեքենաների վերանորոգման վրա»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Բեռնատարների վարորդները նույնպես դժգոհ են այս ճանապարհից, քանի որ ճանապարհի վիճակը, որի երկարությունը մոտ 30 կմ է, ոչ միայն դժվարացնում և երկարացնում է նրանց ճանապարհը, այլև վնասում է բեռնատարները։ Այս պահին՝ ժամը 13:40-ի դրությամբ, բողոքի ակցիայի վայրում կա 80 մասնակից։ Նրանք պահանջում են գոնե ժամանակավորապես կարգի բերել ճանապարհը և առնվազն հարթեցնել մեծ փոսերը, մինչև ասֆալտապատման աշխատանքները կկատարվեն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք խնդրում են բացել ճանապարհը։ Jnews-ը փորձում է մեկնել բողոքի ակցիայի վայր, սակայն առայժմ դա չի հաջողվում, քանի որ տաքսու վարորդները հրաժարվում են այնտեղ գնալ։ Գտնվել է միայն մեկ տաքսու վարորդ, որը պատրաստ է այնտեղ տանել 180 լարիով, սակայն կարող է մեզ տեղափոխել միայն 3 ժամ անց։