Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքային ենթակայության հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուին՝ պատճառաբանելով, որ դա իրենից պահանջել են Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը՝ իրեն առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու նշանակելու դիմաց։ Թեմայի վերաբերյալ հոկտեմբերի 22-ին հրապարակում է արել Ֆակտոր TV-ն՝ ներկայացնելով լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնված մի դիմում ներկայացված են Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակման գործընթացին բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր քաղաքական միջամտության մասին պնդումներ։ «Անկախ դիտորդ» դաշինքը անդրադարձել է հրապարակմանը․ «Հրապարակման մեջ փաստվում է, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով նաև եղել է մրցութային հանձնաժողովի անդամ, հաստատում է դիմումատուի այն պնդումը, ու վերջինս պատասխանել է 5 հարցի, մյուս մասնակիցը 3 հարցի։ Փաստ է այն, որ այս պարագայում 5 հարցի ճիշտ պատասխան տվածը պետք է ստանար 5 (գերազանց) գնահատական, մյուս մասնակիցը 3 (բավարար), որը սակայն չի իրականացվել։ Սպիտակում ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին, ըստ դաշինքի աղբյուրների՝ կուսակցության տարածքային կառույցի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը կրկին լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն։ ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է մի շարք հանցագործությունների մասին, որոնց քննության կարիքը հրատապ է։ Դիմումից բխում է, որ Քաջայր Նիկողոսյանը՝ – շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները, – քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում, – իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի անմեղության կանխավարկածը չխախտելով, Անկախ դիտորդը վստահ է, որ նկարագրված դեպքը խիստ մանրամասն քննության և հրապարակային հրատապ պարզաբանումների կարիք ունի։ Անկախ դիտորդ դաշինքը անթույլատրելի է համարում վարչական պաշտոններում քաղաքական նպատակահարմարությամբ և հովանավորչությամբ նշանակումները»։ The post Սպիտակում համայնքապետի ՔՊ թեկնածուն լինելու խոստման դիմաց Քաջայր Նիկողոսյանը հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուին․ «Անկախ դիտորդ» appeared first on Infocom .