ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ, գրել է Կարապետյանը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե իշխանությանը չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ աջակցելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։ Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի աջակցություն, մինչդեռ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ունի 64 մանդատ։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դեմ են նոր Սահմանադրության ընդունմանը՝ պնդելով, որ փոփոխությունները կատարվում են Ադրբեջանի պահանջով։ Փաշինյանը, սակայն, հերքում է այդ պնդումը՝ հայտարարելով, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է։