Մինչ Փաշինյանի օֆերտային «պատրաստ ենք» ասելը մշակեք և ներկայացրեք ձեր քաղաքական կոնտրօֆերտան, որի նպատակը Փաշինյանի առաջարկած պայմաններով հերթական գործընթացի մեջ մտնելը չէ, այլ գործընթացի ձեր պայմանների առաջարկը: Պետք է փոխել քննարկման պայմանները և պատասխանելու պարտավորությունը վերադարձնել իրեն։ Փաշինյանը հերթական թեման է նետել և քաղաքական դաշտն արդեն շարժվում է դրա հետևից։ Մի բրիֆինգում խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը ձգվում էր մինչև 2031 թվական, իսկ վերջին բրիֆինգում արդեն Սահմանադրության փոփոխության համար նոր ընտրություններ են քննարկվում։ Խաղաղությունը՝ ավելի ուշ։ Իշխանությունը՝ ավելի շատ։ Նախորդ խոստման արդյունքը դեռ չպարզած՝ սկսում ենք քննարկել հաջորդ սցենարը, իսկ հիմնական խնդիրները մնում են: Ընտրությունները Փաշինյանին պահել են իշխանության, բայց չեն տվել իր ամբողջ օրակարգն անցկացնելու հնարավորությունը։ Հիմա սեփական փակուղին փորձում է դնել ընդդիմության վրա։ Նրա առաջարկի քաղաքական իմաստը պարզ է․ կա՛մ ապահովեք անհրաժեշտ մանդատ-ձայնը, կա՛մ վտանգեք ձեր ներկայությունը հաջորդ խորհրդարանում։ Աջակցեք իմ օրակարգին, որ պահպանեք ձեր տեղերը։ Այս հաշվարկը կառուցված է նաև ընդդիմության թուլության վրա։ Իշխանության նկատմամբ վստահության անկումն ինքնաբերաբար չի մեծացրել ընդդիմության նկատմամբ վստահությունը։ Փաշինյանի հաշվարկը կարող է լինել իր շուրջ 720 հազար ձայնը սահմանադրական մեծամասնության վերածելը։ Իսկ ընդդիմությունն ինչի՞ է վերածելու իր նախկին ձայնը։ Իշխանությանը կարող է բավարարել սեփական ընտրողին տեղամաս հասցնելն ու ընդդիմության նախկին ընտրողին հիասթափված տանը թողնելը։ Այդ չքվեարկած դժգոհությունն էլ կարող է դառնալ նրա մեծամասնության պակասող մասը։ Երբ ընդդիմությունից շտապ հայտարարում են՝ պատրաստ ենք արտահերթի, նախ պետք է պատասխանեն մեկ հարցի․ ձեր նախկին ընտրողն այսօր պատրա՞ստ է կրկին ձեզ ընտրել։ Առավել ևս՝ երբ համակարգն ավելի ավտորիտար է դարձել, առաջնորդները բանտերում են, իսկ քաղաքական գործունեության հնարավորությունները՝ սահմանափակված։ Կա նաև արտաքին պահանջների հարցը։ Ես հիմք եմ տեսնում ենթադրելու, որ արտահերթի թեման կարող է ծառայել ադրբեջանական պահանջները կատարելու համար անհրաժեշտ մեծամասնություն ձևավորելուն: Այս քաղաքական ենթադրության հիմքը ներկայացված հաջորդականությունն է․ Սահմանադրության փոփոխության համար աջակցությունը չի բավարարում, հետևաբար քննարկվում է խորհրդարանի կազմը փոխելու հնարավորությունը։ Ուրեմն ո՞ւմ պահանջներն իրականացնելու համար է պետք այդ լրացուցիչ իշխանությունը։ Հենց այստեղ ընդդիմությունը պետք է ներկայացնի իր պայմանները՝ կոնտրօֆերտան: Ուզում ես արտահերթ ուրեմն. Առաջին՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և բանտարկված ընդդիմադիր առաջնորդներին։ Մարդկանց ազատությունը չի փոխանակվելու ութ ձայնի հետ։ Նրանց ազատ արձակումը որևէ որոշման աջակցելու խոստում չի ապահովում։ Սա ընդդիմության ինքնուրույն քաղաքական պահանջն է։ Երկրորդ՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները և վերացնել ընդդիմության գործունեության սահմանափակումները։ Պետք է ապահովել կազմակերպվելու, հավաքներ անցկացնելու, քաղաքացիների հետ աշխատելու և սեփական դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու իրական հնարավորությունները։ Ազատ քաղաքական մրցակցությունը սկսվում է այս պայմաններից։ Երրորդ՝ արտահերթի դեպքում Փաշինյանը չպետք է պահպանի վարչապետական լիազորությունները։ Նա պետք է հեռանա վարչապետի պաշտոնից և ընտրությունների ընթացքում չշարունակի պաշտոնավարել նաև որպես վարչապետի պաշտոնակատար։ Այս անցումը պետք է նախապես համաձայնեցվի և իրականացվի օրենքի շրջանակում՝ ժամանակավոր կառավարության ձևավորմամբ։ Պետք է դադարի նաև նրա փաստացի վերահսկողությունը պետական որոշումների ու ռեսուրսների նկատմամբ։ Կուսակցական քարոզարշավը չպետք է սպասարկվի վարչապետի աշխատակազմով, ծառայողական տրանսպորտով, պաշտոնական հարթակներով, կադրային նշանակումներով կամ բյուջետային միջոցներով։ Արտահերթ առաջարկողը պետք է պատրաստ լինի ընտրության գալ վարչապետական իշխանությունը հանձնելուց հետո։ Չորրորդ՝ հրապարակել խաղաղության ամբողջական պայմաններն ու Հայաստանի ստանձնած արտաքին պարտավորությունները։ Ի՞նչ ենք պարտավորվում անել։ Ի՞նչ ենք ստանում դրա դիմաց։ Ո՞վ է Հայաստանի անվտանգության նկատմամբ հստակ պարտավորություն ստանձնում՝ բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Երաշխավորի անունը բավարար չէ։ Պետք է ներկայացնել փաստաթուղթը, ստանձնած պարտավորությունը և համաձայնությունը խախտվելու դեպքում նախատեսված գործողությունը։ Խաղաղության երաշխավորման բացը ընդդիմության ութ ձայնով չի լրացվում։ Հինգերորդ՝ հրապարակել Սահմանադրության փոփոխության ամբողջական նախագիծը։ Յուրաքանչյուր փոփոխության համար պետք է բացատրել՝ Հայաստանի ո՞ր խնդիրն է լուծում, ի՞նչ պարտավորություն է ստեղծում և ինչպե՞ս է ամրապնդում անվտանգությունը։ Խաղաղությանն աջակցելու պատրաստակամությունը Սահմանադրության ցանկացած փոփոխության նախնական համաձայնություն չէ։ Այս պահանջների կատարումն էլ ինքնաբերաբար չի նշանակում Փաշինյանի օրակարգի ընդունում։ Յուրաքանչյուր առաջարկ պետք է գնահատվի առանձին՝ այն ընդունելու կամ մերժելու լիարժեք ազատությամբ։ Ահա սա է քաղաքական կոնտրօֆերտան։ Ընդդիմությունը ներկայացնում է իր օրակարգը և թույլ չի տալիս, որ սեփական մանդատները պահպանելու մտահոգությունը դառնա Փաշինյանի ձեռքի գործիքը։ P.S. Փաշինյանն ուզում է պարզել՝ ընդդիմությունը վախենո՞ւմ է նոր ընտրություններից։ Ընդդիմությունը պետք է նրան կանգնեցնի ավելի ծանր հարցի առաջ․ Իսկ դուք պատրա՞ստ եք արտահերթ ընտրությունների՝ ազատ արձակված ընդդիմադիր առաջնորդներով, ազատ քաղաքական դաշտում և առանց ձեր ձեռքում գտնվող վարչապետական իշխանության։ Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ The post Օֆերտան պետք է փլուզել քաղաքական կոնտրօֆերտայով. Վլադիմիր Մարտիրոսյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օֆերտան պետք է փլուզել քաղաքական կոնտրօֆերտայով. Վլադիմիր Մարտիրոսյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Azg / 2 hours ago

TRIPP նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովում
Azg / 2 hours ago

Արդեն սկսում են նոր հեքիաթներ հյուսել՝ աստեղերը հուշում են, բայց չեն պարտադրում ժանրի մեջ. Տաթևիկ Հայրապետյան
Azg / 3 hours ago

Ժողովրդի ծոցից ելած հասարակ տղան ինքն է մաքրում, փայլեցնում իր կոշիկները. Ոսկան Սարգսյան
Azg / 3 hours ago
Related coverage

KGAÖ Genel Sekreteri: Ermenistan’ın üyeliği zirvede ele alınabilir
Ermenihaber / 8 minutes ago

Թուրքիան օրենք է ընդունել ներդրումային ֆոնդերի լուծարման մասին
Ermenihaber / 11 minutes ago

Աչքիս՝ մի քիչ փող է մնացել, հիմա էլ ձեռքը կրակն են ընկել՝ ո՞նց ծախսեն. Ազարյան
1in.am / 11 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կրակnղը պատգամավորի որդու թիկնապահն է․ «Դերժավայի» Արկադիի տան կրակnցների հետքերով
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago