Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինային, գրում է Current time-ը։ Դնեպրոպետրովսկի մարզի չորս շրջաններ անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել շուրջ 20 անգամ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա տվյալներով՝ տուժել է երկու անձ․ 44-ամյա տղամարդ՝ Նիկոպոլի շրջանում և 26-ամյա կին՝ Սինելնիկովոյի շրջանում։ Դնեպրում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, իսկ Պավլոգրադում՝ վարչական շենք ու մասնավոր տուն։ Խարկովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Սլոբոդսկի շրջանին։ Հրդեհ է բռնկվել տնտեսական շինությունում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ռուսաստանը նաև զանգվածային հարված է հասցրել Սումիին՝ անօդաչու թռչող սարքերով։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի տվյալներով՝ տուժել է երկու մարդ։ Կովպակովսկի շրջանում վնասվել են նաև բնակելի շենքեր։ Պոլտավայում հարձակման է ենթարկվել երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտ։ Հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Օդեսայի մարզում Ռուսաստանը հարվածել է տարածաշրջանի հարավում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Չորս շենք մասամբ ավերվել է չգործող հանգստյան բազայի տարածքում։ Հարձակման է ենթարկվել նաև «ԴՏԷԿ Օդեսայի էլեկտրացանցեր» ընկերության էներգետիկ օբյեկտը, հայտնել է մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել ջերմաէլեկտրակայաններից մեկին։ Կայանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, սարքավորումները զգալի վնասներ են կրել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ երկիրը գիշերը ենթարկվել է 176 անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 140 անօդաչու թռչող սարք։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի